ՀՀ դատախազությունը մերժել է քաղաքացի Փնջիկ Թերոյանի գործով զբաղված քննիչի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ բողոքը, որը ներկայացրել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը։ Ըստ իրապաշտպանների նյութերի՝ քրեական գործում քննիչ Սասուն Մխիթարյանը թույլ է տվել խախտումներ, մասնավորապես, քննչական գործողություններում որպես ընթերականեր գրանցել է ոստիկանների և գոյություն չունեցող անձանց:
«Արդարադատության երրորդ դասի խորհրդական Էդ. Արամյանը կայացրել է որոշում, որով մերժել է կազմակերպության կողմից ներկայացված բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ, և հաստատել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման օրինականությունը: Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազությունն անտեսեց ՀՀ քաղաքացու բողոքը, քննչական գործողություններին մասնակցած ընթերակաների կեղծ լինելն ապացուցող բոլոր փաստերը, որոնք ներկայացվել էին ոչ միայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված բողոքներով, այլ նաև Փնջիկ Թերոյանի կողմից` ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ մի քանի օր շարունակ իրականացված հացադուլի ժամանակ»,- ասված է ՀՔԱ հայտարարության մեջ:
Վանաձորի գրասենյակը պատրաստվում է քննիչի որոշումը բողոքարկել դատարանում:
Հիշեցնենք, որ Փնջիկ Թերոյանը բողոքը ներկայացրել է նաև նախագահական նստավայրի դիմաց հացադուլ անելով: Նրա բողոքը ավելի վաղ մերժվել էր նաև ՀՔԾ-ի կողմից:
Դատախազությանն ուղղված բողոքի մեջ մասնավորապես ասված էր. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում որպես ընթերակա ներգրավված Սուսաննա Հարությունյանը և Վալենտինա Քալաշյանը բացատրություններ են տվել, որ իրենք չեն հանդիսանում ոստիկանության ծառայողներ, ոստիկանությունում աշխատում են որպես հավաքարար, գործով շահագրգռված չեն եղել, քննիչից որևէ կախման մեջ չեն գտնվել, հետևաբար՝ որևէ արգելք չի եղել նրանց՝ որպես ընթերակա ներգրավել: Երկրորդ՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Մ.Հարությունյանի կողմից լազերային սկավառակի ձայնագրառման զննության կատարման ժամանակ ներգրավված չեն եղել ընթերականեր և զննություն կատարելու արձանագրության մեջ նշված անձինք՝ Գառնիկ Պետրոսյանը, երբևէ Վանաձոր քաղաքի բնակչության ռեգիստրում չի եղել և ՀՀ քաղաքացու անձնագիր չի ստացել, իսկ Բորիս Կոբալյանը քննիչի կողմից արձանագրությունում նշված հասցեում երբևէ չի հաշվառվել և հաշվառումից չի հանվել»: