Հյուսիսային պողոտայում գտնվող հին շենքերի բնակիչները և խոշոր գործարար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր Սամվել Մայրապետյանի «Լոքալ դեվելոփըրզ» ընկերությունը վարչական դատարանում միմյանց դեմ դատական հայցեր են ներկայացրել։
Ընկերությունը ցանկանում է Տերյան 23, 25, Լալայանց 37 շենքերի բնակիչներին ԴԱՀԿ ծառայության միջոցով դուրս հանել բնակարաններից, քանի որ նշված հասցեի շենքերի տարածքները կառավարության որոշմամբ հանրային գերակա շահի գոտի են ճանաչվել։ Իրենց հերթին, բնակիչներից երկուսը՝ Ֆլորա Ուդոյանը և Հեղինե Ուդոյանը, այսօր դատարանում հակընդդեմ հայցով պահանջել են վերացնել իրենց սեփականության նկատմամբ ոտնձգությունները: Դատական նիստին եկել էին նշված շենքերում բնակվող այլ մարդիկ ևս։
Դատավոր Միքայել Մելքումյանը նիստը հետաձգել է՝ որոշելու` արդյոք հակընդդեմ հայցը կարող է վարույթ ընդունվել, թե ոչ:
«Լոքալ Դեվելոփըրզ» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, թեև ասել է, որ չի ցանկանում կանխատեսումներ անել, նշել է, որ նման գործերում, երբ կա ՀՀ կառավարության որոշում, բնակիչները կարող են ներկայացնել միայն փոխհատուցման ենթակա գումարի չափի վերաբերյալ բողոքներ:
Ըստ փաստաբանի՝ կազմակերպությունն առաջարկում է օրենքով սահմանված գումարը՝ շուկայական գին գումարած 10 տոկոս: Բնակիչները, սակայն, պնդում են, որ իրենց առաջարկվում է շուկայականից 2.5 անգամ ցածր գին։ Գումարին այլընտրանքը՝ «Լոքալ դեվելոփըրզի» կողմից այլ շենքում առաջարկվող բնակարանները, բնակիչներին նույնպես չեն գոհացնում․ նրանք նշում են, որ այնտեղ պայմանները լավը չեն։ Բացի դրանից, նրանցից մի քանիսն ընդգծել են, որ հարցը միայն գումարը չէ. իրենք չեն ցանկանում հեռանալ իրենց բնակարաններից և ուզում են ապրել իրենց ծնողներից ժառանգած տներում:
Բնակիչներից մեկը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենց շենքերի տարածքը չի կարող հանրային գերակա շահ որակվել, եթե այդ վայրում Մայրապետյանը հյուրանոց կամ զվարճանքի կենտրոն է կառուցելու։
Դատական նիստի մեկնարկին և ավարտին բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել դատարանի դիմաց՝ «SOS», «Ոչ քանդելուն», «Գերակա շահ չի նշանակում թալան» պաստառները ձեռքերին:
Բնակիչներն ասում են, որ Հայաստանում կան բազմաթիվ անօթևան մարդիկ, ում համար տուն կառուցելու փոխարեն Կառավարությունը շենքեր քանդելու մասին որոշումներ է կայացնում: Իրենք՝ բնակիչները, ոչինչ չեն պահանջում, անգամ իրենց շենքի երեսպատումը արել են սեփական ուժերով:
Բողոքողներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ, իրենց տները քանդելով, վերացվելու է նաև Երևանի պատմությունը, քանի որ իրենց շենքերը մայրաքաղաքի կենտրոնի առաջին երեք բարձրահարկերն են եղել: Նրանք պատմության նկատմամբ արհամարհանք են համարում նաև Լալայանց փողոցը Հին երևանցու փողոց վերանվանելը, շենքերից մեկի վրա «Պահպանվում է պետության կողմից» ցուցանակի վերացումը, Մշակույթի նախարարության անտարբերությունը:
Բնակարանատերերը նաև բողոքում են, որ «Լոքալ Դեվելոփըրզ» ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանն իրենց հասցեին արհամարհանքով է խոսում ԶԼՄ-ներում: Ֆլորա Ուդոյանի խոսքով՝ Մայրապետյանը հայտարարել է՝ «հլը մի հատ էլ ուզում են հավանել շենքը»:
Բնակարանատեր, «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը ակցիայի ժամանակ ասել է, որ Մայրապետյանի հարստացումը սկսել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, և իրենք այսօր ցանկանում են իմանալ՝ ինչպես է Մայրապետյանը դարձել Սախարովի հրապարակից մինչև Կողբացի փողոց ընկած տարածքի միակ կառուցապատողը, ինչու կոռուպցիայի դեմ պայքար սկսելու մասին հայտարարող իշխանությունները նրա ընկերությունում ստուգումներ չեն անցկացնում:
Epress.am-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դժգոհել է, որ բնակիչները անձնավորում են Մայրապետյանին, շոշափում նրա անունը:
««Լոքալ Դեվելոփըրզ»-ը չլիներ, այլ կառուցապատող կլիներ, եթե կա Կառավարության որոշում», – ասել է Սիրունյանը:
Նշենք, որ խնդրո առարկա շենքերը Հյուսիսային պողոտայի վերջին հին կառույցներից են։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք տվյալ տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ, և այդ հատվածում բնակվող շենքերի և տների բնակիչների մեծ մասը բռնի կերպով տեղահանվել է։ Նրանք հրաժարվում էին լքել իրենց տները՝ դժգոհելով փոխհատուցման չափից, որը մի քանի անգամ ավելի ցածր է եղել, քան Երևանի կենտրոնում տարածքների գինն էր։ Այնուամենայնիվ, Հյուսիսային պողոտայի ներկայիս տարածքի գրեթե բոլոր հին շենքերը քանդվել են, իսկ բնակիչները տեղահանվել են։