Home / Տեսանյութեր / Բանակում զոհվածների ծնողները նոր նամակ են ուղղել Սերժ Սարգսյանին

Բանակում զոհվածների ծնողները նոր նամակ են ուղղել Սերժ Սարգսյանին

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներն այսօր ևս մեկ նամակ են հանձնել նախագահական նստավայր՝ պահանջելով իրենց որդիների մահվան հետ կապված քրեական գործերի պատշաճ քննություն անցկացնել: Դեռևս նոյեմբերի վերջին նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած նմանատիպ նամակին ծնողները մինչ այսօր պատասխան չեն ստացել: Ծնողներին պատասխանել է միայն ՀՀ նախագահի նստավայրի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի ղեկավար Աիդա Ասատրյանը՝ ասելով, որ նախագահը տեղյակ է պահանջից: Գրավոր դրական կամ բացասական պատասխան ծնողները չեն ստացել: Ծնողների ևս մեկ պահանջը՝ հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, նույնպես ուժի մեջ է:

Նոր նամակում որդեկորույս ծնողները կրկին հիշեցնում են, որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ նախագահականի ճաղերի մոտ արդեն հանդիպել է ծնողներին՝ խոստանալով, որ գործերը կբացահայտվեն, սակայն այդ օրվանից և ոչ մի գործի ընթացքը չի փոխվել:

Ինչպես և նախորդ շաբաթների ընթացքում, այսօրվա ակցիայի ժամանակ ոստիկանները փորձել են թույլ չտալ, որպեսզի ծնողներն անցնեն նախագահականի դարպասի կողքով: Սակայն երբ 2010 թվականին զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, դուրս է եկել Բաղրամյան պողոտայի երթևեկելի մաս, ոստիկանները ստիպված թույլ են տվել նաև մյուսներին անցնել դարպասի մոտով և ուղևորվել դեպի Նամակների և ընդունելության բաժին:

Tekali Taxi