Home / Հայաստան / «Պարոն Սարգսյանը կարող է նեղանալ, բայց․․․»․ ռուսաստանցի փորձագետը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին․ «168 ժամ»

«Պարոն Սարգսյանը կարող է նեղանալ, բայց․․․»․ ռուսաստանցի փորձագետը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին․ «168 ժամ»

Ռուսաստանը զենքի վաճառքի միջոցով փորձում է հավասարակշռություն պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին «168 ժամ» թերթի հետ զրույցում ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները վերացնելու համար Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումներն Ադրբեջանին, ինչի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Փորձագետն ասել է, որ, եթե կարճ պատասխանի հարցին, ապա կասի` «ոչ»: Ըստ նրա` Ռուսաստանի համար հատկապես հիմա շատ կարևոր է Բաքվի հետ հարաբերությունների ամրացումը, ինչով էլ Մոսկվան այսօր զբաղված է: Ֆելգենգաուերի բնորոշմամբ` դա ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր է, քանի որ Ռուսաստանին հետաքրքրում է ողջ Հարավային Կովկասը և հատուկ կարևորություն է ստացել այն ցանկությունը, որն ունի Մոսկվան՝ Սովետական Միության սահմաններով Հարավային Կովկասի ռազմավարական սահմանը վերադարձնելու ուղղությամբ:

«Մոսկվան մտածում է, որ Հայաստանը ոչ մի տեղ չի փախչի, և նման տեղ էլ, ըստ էության, չկա: Հարցն այն չէ, որ Ռուսաստանը դեմ է Հայաստանին, թեև կա նաև ադրբեջանական լոբբի Մոսկվայում: Պարզապես Ռուսաստանը ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի կողմն է, և ոչ էլ՝ դեմ: Ռուսաստանը ցանկանում է վերադարձնել Անդրկովկասում ունեցած իր ազդեցությունը և վերահսկողությունը: Այսօր հատկապես, երբ մենք ԱՄՆ-ի հետ պատերազմի շեմին ենք, այդ թվում և՝ Սևծովյան ավազանի հարավային հատվածում, հատկապես կարևոր է Մոսկվայի այս ցանկությունը: Այնպես որ, պարոն Սարգսյանը կարող է նեղանալ, բայց դա չի փոխի ռուսական ռազմավարությունը»,- մեկնաբանել է Պավել Ֆելգենգաուերը:

Նրա խոսքով՝ Մոսկվան հասկանում է` Հայաստանի համար այլևս ուշ է Եվրոպական Միության հետ լուրջ փաստաթուղթ ստորագրելու համար, քանի որ ՀՀ-ն հրաժարվել է լուրջ փաստաթղթից, իսկ այսօր արդեն ԵՏՄ անդամ է և ունի որոշակի պարտավորություններ, ոչ մի տեղ չի կարող փախչել:

«Մոսկվայի հայացքն այսպիսին է՝ «աղմկեք, հայհոյեք, կհանգստանաք», կամ գլուխներ կշոյեն, լավ զենք կմատակարարեն և այդ բողոքները կվերացնեն, բայց կարդինալ կերպով ռազմավարություն չի փոխվի հանուն Հայաստանի:

Ռուսաստանի վրա ազդելու լուրջ լծակներ Հայաստանում չկան: Եթե ուզում են՝ թող արտահայտեն դժգոհություններ, բայց սկզբունքորեն հույս ունենալ, որ Հայաստանը կարող է փոխել Անդրկովկասում Ռուսաստանի վարած քաղաքականությունը, միամիտ է: Հայաստանը, ըստ իս, այլ տարբերակ չունի»,- ասել է փորձագետը:  

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ svoboda.org

Tekali Taxi