Home / Հայաստան / Նորմալ ճանապարհներ չկան․ Լոռու մարզում համայնքների խոշորացման խնդրի մասին․ «ՀԺ»

Նորմալ ճանապարհներ չկան․ Լոռու մարզում համայնքների խոշորացման խնդրի մասին․ «ՀԺ»

Համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ քվեարկությունն անցկացվելու է մոտ 2 ամսից։ Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է Լոռու մարզի Թումանյան համայնքին միացնել Մարց, Քարինջ, Լորուտ, Աթան, Շամուտ ու Ահնիձոր գյուղերը։ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Գագիկ Աղբալյանը գրում է, որ այդ գյուղերից որևէ մեկում խնդրի շուրջ հանրային քննարկում չի եղել։ 241 բնակիչ ունեցող Աթանի գյուղապետ Ռոլանդ Հակոբյանը «ՀԺ»֊ի հետ զրույցում ասել է, որ աթանցիները անհանգիստ են՝ երեք֊չորս տարին մեկ գյուղին պատկանող հողամասերը բաժանվում են գյուղացիների մեջ, իսկ առայժմ պարզ չէ՝ միավորվելու դեպքում ինչպես են բաժանելու, ինչ սկզբունքով, ով է բաժանելու։ Աթանում դեմ են խոշորացմանը. գյուղը նորմալ ճանապարհներ չունի և համայնքի կենտրոն հասնելու խնդիր կա։ Հակոբյանն առաջարկում է, որ համայնքային կենտրոնը լինի ոչ թե Թումանյանը, որը Լորուտից, Շամուտից և Ահնիձորից, Աթանից 30 կամ ավել կիլոմետր հեռու է, այլ՝ միանային 4 գյուղերը, և նրանցից մեկը դառնար կենտրոն։

Շամուտից դեպի Ալավերդի 21 կիլոմետր է, իսկ դեպի Թումյանյան՝ 37 կիլոմետր։ Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանը պատմել է, որ գյուղում մեկը լավ է խոսում ծրագրից, մյուսը՝ վատ, պատճառը չտեղեկացված լինելն է։

«Ընդհանուր առմամբ, ժողովուրդը դրական չի մոտենում այս հարցին։ Մերոնք ճանապարհի հարցն են առաջ քաշելու։ Մայրուղուց 21 կիլոմետր մինչև մեր գյուղ, մեր գյուղից մինչև Աթան 7 կիլոմետր, կարելի է ասել՝ ճանապարհ չկա», ֊ նշել է գյուղապետը։ Նա ասել է, որ չի ուղղորդելու համագյուղացիներին քվեարկության ժամանակ․ «Թող իրենք որոշեն ու քվեարկեն իրենց ուզածով»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Aravot.am

Tekali Taxi