Home / Հայաստան / «Հայ ռեմբո» չեղավ․ Բաքուն չհետևեց ՀՀ ՊՆ ներկայացուցչի սցենարին

«Հայ ռեմբո» չեղավ․ Բաքուն չհետևեց ՀՀ ՊՆ ներկայացուցչի սցենարին

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի մեկնաբանել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի՝ մարտի 22-ին Ադրբեջանի կողմ անցնելը։ Փոխարենը՝ նա փորձել է կանխագուշակել միջադեպի հետ կապված ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների գործողությունները։ Ադրբեջանի ՊՆ֊ն, սակայն, չի հետևել Երևանից առաջարկած սցենարին։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Հովհաննիսյանը գրել էր, որ այդ արարքը մեկնաբանելու ենթակա չէ, և ավելացրել․ «Կարծում ենք՝ ադրբեջանցիները շուտով կմեկնաբանեն, որ նա միայնակ մինչև ատամները զինված հարձակվել էր Ադրբեջանի վրա, և նրանց ասկյարները մի կերպ են չեզոքացրել հայ ռեմբոյին»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միջադեպից մեկ օր անց՝ մարտի 23֊ին, Գրիգորյանի՝ իր կողմ անցնելու կադրեր է տարածել, ինչպես նաև զինծառայողի անունից տեքստ։ Գերին ամենևին էլ «հայ ռեմբոյի» տեսքով հանդես չի գալիս։

Ադրբեջանցի զինվորականների նյութերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանի բնակիչ Անդրանիկ Գրիգորյանը լքել է իր զորամասը և կամավոր հանձնվել է։

Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է նա՝ սպիտակ կտորը ձեռքին, քայլում տեսախցիկի ուղղությամբ։ Կադրից դուրս ինչ֊որ մեկն ադրբեջաներեն ասում է․ «Մի կրակեք, մի կրակեք, թող մոտենա, թող գա։ Մի վախեցեք, ինքը աջից է գալիս, այնտեղ ականներ չկան»։

Երկրորդ տեսանյութում Գրիգորյանը՝ աթոռի վրա նստած, ռուսերեն որոշ արտահայտություններ է հնչեցնում․ «երրորդ պաշտպանական/ երեսուն երեք/ երեքհարյուր ութսուն երեք/ ես դիրքերում էի ծառայում, ինքս եմ եկել/ ինձ ծեծում էին, ես փախա/ այստեղ էին խփում (ցույց է տալիս դեմքի աջ հատվածը)/ կռվել չեմ ուզում, ապրել եմ ուզում/ մենք երկուսով էինք/ Մկրտումյան/ ինքն էլ էր ուզում անցնել/ ով ուժեղ է, լավ է ապրում, ով թույլ է, վատ է ապրում»։

Տարածած մամուլի հաղորդագրության մեջ Ադրբեջանի ՊՆ֊ն Գրիգորյանին է վերագրում խոսքերը, որոնցով զինծառայողը կոչ է անում իր ծառայակիցներին նույն կերպ վարվել։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «գերիի անվտանգությունն ապահովված է, նրա հետ վարվում են մարդու իրավունքների ընդունված չափանիշների շրջանակում»։

Armlur.am կայքը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել է, որ Անդրանիկ Գրիգորյանի հայրը` Արարատ Գրիգորյանը, տարվել է ԼՂՀ ոստիկանության Մարտունու բաժին:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից):

Tekali Taxi