Home / Հայաստան / Երևանցիներն աղբահանմամբ զբաղվող ընկերությանն արդեն 20 հազար եվրոյի վնաս են պատճառել․ «ՀԺ»

Երևանցիներն աղբահանմամբ զբաղվող ընկերությանն արդեն 20 հազար եվրոյի վնաս են պատճառել․ «ՀԺ»

Լիբանանական «Սանիթեք» ընկերությունն իր երևանյան ընդամենը երեքուկես ամսվա գործունեության ընթացքում ավելի քան 20 հազար եվրոյի վնաս է կրել երևանցիների կողմից պլաստմասե աղբարկղերն այրելու և այլ վնասներ հասցնելու արդյունքում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Երևանում վաղուց սովորական է դարձել բնակիչների կողմից աղբամաններն այրելը, գողանալը, ջարդելը, կափարիչը կամ ներքևի հատվածը «ցրելը», իսկ «Սանիթեքի» նոր աղբամանները, թերթի հաղորդմամբ, երևանցիներին հետաքրքրում են նաև դրանց անիվների համար։

«Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Նիկոլա Թավիլը «Հայկական ժամանակ»֊ի հետ զրույցում հայտնել է, որ դեկտեմբերի 1֊ից մինչ օրս վնասվել է մոտ 40 մեծ աղբաման, որոնց մի մասը մասնակիորեն կամ ամբողջապես այրվել է, իսկ մի մասը մնացել է առանց անիվների։ Մարդիկ դրանք հանում են աղբամանների վրայից և տանում իրենց այլ կարիքներին ծառայեցնելու։

Այժմ աղբամանները վնասելու առիթով մոտ 40 գործ գտնվում է ոստիկանության վարույթում։ «Ուսումնասիրվում են աղբամաններին հարակից օբյեկտների, փողոցների տեսախցիկները, և եթե «Սանիթեքին» վնաս պատճառած որևէ մեկի ինքնությունը բացահայտվի, ապա տվյալ անձը խոշոր տուգանքներից պրծնել չի կարող․ մեկ աղբամանն ընկերության վրա արժենում է մոտ 500 եվրո»,֊ մասնավորապես, գրում է «ՀԺ»֊ն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi