Home / Հայաստան / Էլէներգիայի թանկացման համար «շնորհակալություն» ռուսաստանյան ընկերություններին․ «Ժողովուրդ»

Էլէներգիայի թանկացման համար «շնորհակալություն» ռուսաստանյան ընկերություններին․ «Ժողովուրդ»

Ամեն անգամ, երբ ՀՀ իշխանությունները սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարց են բարձրացնում, այդպես էլ հստակ չի պարզաբանվում, թե անցած ժամանակահատվածում ինչն է այդքան կտրուկ թանկացել, որ անհրաժեշտ է էլէներգիայի սակագինը բարձրացնել, իր այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալներով՝ Հայաստանի սպառողներին մատակարարվող էլէներգիան հիմնականում մատակարարում են վեց ընկերություններ և փոքր ՀԷԿ-երը: Ըստ այդմ, բնակչությանը էլեկտրական էներգիայով ապահովող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը Հայաստանի ատոմակայանից էլէներգիան գնում է 5,7 դրամ կվտ/ժ, Երևան ՋԷԿ-ից՝18,1 դրամ կվտ/ժ, Սևան-Հրազդան կասկադից՝ 2,1 դրամ կվտ/ժ. Որոտանի ՀԷԿ-ից՝ 8 դրամ կվտ/ժ, փոքր ՀԷԿ-երից՝ 21,8 դրամ կվտ/ժ, Հրազդան ՋԷԿ-ից՝36,9 դրամ կվտ/ժ և Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկից՝ 40,1 դրամ կվտ/ժ:
 
Թերթն ընդգծում է, որ էլէներգիայի թանկացման համար Հայաստանի սպառողները պետք է «շնորհակալություն» հայտնեն Հրազդանի երկու ՋԷԿ-երին, որոնցից առաջինը պատկանում է ռուսաստանյան «ԻՆՏԵՌ ՌԱՕ» ընկերությանը, իսկ երկրորդը՝ կրկին ռուսաստանյան «Գազպրոմ Արմենիային»: 

«Ու թեև այդ երկու ՋԷԿ-երի արտադրած և առաքած էլէներգիան, օրինակ, անցած տարի կազմել է Հայաստանի ընդհանուր պահանջարկի 32,4 տոկոսը, այնուամենայնիվ, հանուն նրանց սակագինն անընդհատ բարձրացվում է: Իսկ ինչու այդ ՋԷԿ-երը չեն գործում Երևան ՋԷԿ-ի սխեմայով, որը օգտագործում է իրանական գազ, որի դիմաց վճարում է արտադրած էլէներգիան: Ի վերջո, ո՞վ պետք է պատասխան տա տարիներ շարունակ Հայաստանի բնակչությանը խաբելու և հարստահարելու համար: ՀՀ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամները աշխատավարձ են ստանում Հայաստանի հարկատուների հաշվին, բայց երբևէ այդ կառույցը ՀՀ սպառողի շահը չի սպասարկել», – գրում է թերթը։

Նշենք, որ նախորդ տարվա ամռանը էլէներգիայի մեկ կիլովատը սպառողների համար 38 դրամից դարձել է 42 դրամ։ Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի էլէներգիան կարող է թանկանալ ևս 15 տոկոսով։

Tekali Taxi