Home / Տեսանյութեր / ««Նաիրիտի» հարցը դատախազությունը պետք է քննի»․ ստորագրահավաքը շարունակվում է

««Նաիրիտի» հարցը դատախազությունը պետք է քննի»․ ստորագրահավաքը շարունակվում է

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօրվանից սկսած՝ բողոքի ակցիաներ են անցկացնելու նաև շաբաթ օրերին, որպեսզի գործարանում դեռ աշխատող 500 մարդիկ նույնպես կարողանան մասնակցել դրանց։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Նաիրիտի» մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

«Ոչ միայն «Նաիրիտում» դեռ աշխատող մարդիկ, այլև գործարանի նախկին աշխատողները, ովքեր այժմ ստիպված այլ գործատուների մոտ են աշխատում, չեն կարողանում մասնակցել ակցիաներին, այդ պատճառով ակցիաները լինելու են նաև շաբաթ օրերին, այսինքն՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին»,֊ ասել է Անուշ Հարությունյանը։

Այսօր նախագահական նստավայրի մոտ հավաքված նաիրիտցիները շարունակել են ստորագրահավաքը, որպեսզի բոլոր միացողների անունից դիմեն ՀՀ դատախազություն։ Նամակի տեքստը, սակայն, դեռ քննարկման փուլում է, Անուշ Հարությունյանն ասել է, որ պետք է նաև գրվի այն փաստը, որ «Նաիրիտ» գործարան մուտք է եղել 180 միլիոն դոլար։

«Ոչ աշխատավարձեր են տվել, ոչ մի ծախս չեն արել, ու դեռ ևս 250 միլիոն դոլար էլ պարտք է կուտակվել։ Այս հարցը, կարծում ենք, Դատախազությունը պետք է քննի»,֊ ասել է Անուշ Հարությունյանը։

Փետրվարին «Նաիրիտից» ազատված աշխատակիցներին գործարանը 17 ամսվա աշխատավարձ է պարտք։ Ներկայումս աշխատող  500 մարդուն խոստացել էին աշխատավարձ վճարել երկուշաբթի, սակայն դա նույնպես չէր արվել։

Նաիրիտցիները գալիք շաբաթ մասնակցելու են աշխատավարձերի և ընդհանրապես «Նաիրիտի» շուրջ քննարկումներին ԱԺ տնտեսական հանձնաժողովում։

Հիշեցնենք, որ ԱԺ֊ի մոտ ակցիայի ժամանակ գերատեսչությունների հետ հանդիպումներ էր խոստացել կազմակերպել Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։

Նաիրիտցիները հանդիպմանը նախապատրաստվել են՝ 9 կետանոց պահանջ հրապարակելով, որպեսզի այդ կետերի շուրջ էլ ծավալվի քննարկումը։ 

Tekali Taxi