Home / Տեսանյութեր / Դանակահարված Միրզոյանի վիճակը բավարար է․ ՀԱԿ֊ը դատապարտում է ահաբեկչությունը

Դանակահարված Միրզոյանի վիճակը բավարար է․ ՀԱԿ֊ը դատապարտում է ահաբեկչությունը

Շաբաթ օրը «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության Գյումրիի հանրահավաքի ժամանակ դանակահարված Հրաչիկ Միրզոյանի վիճակը բավարար է, ասված է նախաձեռնության տարածած երեկվա հաղորդագրության մեջ։ Մարտի 29-ի դրությամբ Միրզոյանը շարունակում էր մնալ Գյումրիի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։ Դանակի հարվածի հետևանքով Միրզոյանի մոտ ներքին արյունահոսություն էր սկսվել, հեռացվել էր նրա փայծախը։

Դեպքի առթիվ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով քրգործ է հարուցվել։ 

Գյումրիի միջադեպին անդրադարձել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը։ Տարածած հայտարարության մեջ ՀԱԿ֊ը նշում է, որ քաղաքական ասելիքից, պետական մտածելակերպից ու իշխանության մասին պատկերացումներից բացարձակապես զուրկ Սերժ Սարգսյանի վարչախումբը շարունակում է ապավինել վերջին՝ քրեական ու գողական մեթոդներին։

«Հիշենք, որ այդօրինակ բռնարարքների թիրախ են դարձել Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրիկ Սարգսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը, նույն այս կազմակերպության մի շարք անդամներ Բերձորում, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, Կոնգրեսի Հրազդանի տարածաշրջանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը։ Գյումրիում կատարված փոքրոգի դանակահարությունը այս շղթայի հերթական մի օղակն է։

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանական ահաբեկչության հերթական այս ակտը և համարում, որ իր այսօրինակ գործելակերպով վարչախումբը պարզապես շեշտում է իրենից օր առաջ ազատվելու խնդրի հրատապությունը», ֊ նշում են հայտարարության հեղինակները։

Tekali Taxi