Home / Հայաստան / Մահացած երեխայի գործով դատաքննությունը վերսկսվել է նոր փաստի ի հայտ գալու պատճառով

Մահացած երեխայի գործով դատաքննությունը վերսկսվել է նոր փաստի ի հայտ գալու պատճառով

2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ բուժաշխատողներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը վերսկսվել է: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի կայքը:

Դատաքննությունը վերսկսելու միջնորդություն է ներկայացրել տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը՝ հիմնավորելով, որ դատաքննության ավարտից հետո ի հայտ է եկել նոր փաստ:

Մասնավորապես, տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի եղբայր Անդրեյ Միսակյանին Արաբկի բժշկական կենտրոնի բուժքույր Իրինա Մամյանի եղբայր Սարգիս Մամյանն ասել է հետևյալը. «… բայց ամսի 1-ով (նկատի ունի հունվարի1-ը – խմբ.) շատ դժվար ա բուժօգնություն ցուցաբերելը…. Դա բժշկի մեղավորությունը չի, դա հիվանդանոցի հարցն ա, որ լաբորատորիաները չեն աշխատել… ու հերթապահ բժիշկ նշանակել այդ օրով անփորձ բժշկի»:

Վերսկսված դատավարության ընթացքում, սակայն, կանչված վկա Սարգիս Մամյանը հայտարարել է, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնի լաբորատորիայի չաշխատելու և հերթապահ բժիշկների մասնագիտական որակների մասին տեղեկությունները եղել են սոսկ իր դատողությունները, մեկնաբանություններն ու անձնական կարծիքը:

Հիշեցնենք, որ, համաձայն գործի նյութերի, Լիա Մինասյանին ծնողները տարել են Արաբկիր բժշկական կենտրոն դեկտեմբերի 31-ին՝ 20.00-ի սահմաններում, սակայն երեխան հունվարի 2-ին մահացել է, ըստ փորձագետի՝ թոքաբորբից:

Մեղադրյալները պնդում են, որ իրենք որևէ բժշկական սխալ կամ անգործություն թույլ չեն տվել և որ իրենց մեղադրում են միայն այն հիմնավորմամբ, որ երիտասարդ բժիշկներ են: Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը պնդում է, որ երեխային ընդունելու պահին նա թոքաբորբ չի ունեցել, այլ ախտորոշվել է սուր շնչառական վարակ, և ըստ այդմ էլ բուժումը կատարվել է. հետագայում է երեխայի մոտ կայծակնային թոքաբորբ սկսվել:

Tekali Taxi