Home / Հայաստան / Ստամբուլում պատանդ վերցված դատախազը մահացել է

Ստամբուլում պատանդ վերցված դատախազը մահացել է

Ստամբուլում Գեզի այգու ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից սպանված 15-ամյա Բերքին Էլվանի սպանության գործով դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը, ով երեկ՝ մարտի 31֊ին, պատանդ էր վերցվել իր գրասենյակում, մահացել է, հաղորդում է Today's Zaman կայքը։ Ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում սպանվել են նաև դատախազին պատանդ վերցրած «Հեղափոխական ժողովրդական ազատագրման կուսակցություն֊ճակատ» (DHKP-C) խմբակցության երկու զինյալները։

Կայքի փոխանցմամբ՝ ահաբեկիչների հետ շուրջ վեց ժամ տևած անարդյունք բանակցություններից հետո ոստիկանությունը գրոհել է դատախազի գրասենյակը՝ սպանելով զինյալներին։ Հրաձգության արդյունքում ծանր վիրավորում ստացած Քիրազը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

DHKP-C֊ի զինյալները երեկ իշխանություններին ժամանակ էին տվել իրենց պահանջները կատարելու համար․ հակառակ դեպքում, նրանք սպառնում էին սպանել դատախազին։

Ահաբեկիչները պահանջում էին, որ Էլվանի սպանության մեջ կասկածվող ոստիկաններն ուղիղ եթերով խոստովանեին իրենց մեղքը, ինչպես նաև՝ ազատ արձակվեին ի հիշատակ Էլվանի անցկացված երթերի ձերբակալված մասնակիցները։

Հիշեցնենք, որ 15-ամյա Բերքին Էլվանը գազային նռնակիc գլխի վնասվածք էր ստացել Ստամբուլում անցկացվող ցույցերից մեկի ժամանակ։ Նա մահացել է 2014 թվականի մարտի 11֊ին՝ 9 ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո։

Tekali Taxi