Home / Հայաստան / Ապօրինությունը բողոքարկելուց հետո հարկայինը նոր ճնշումներ է սկսել․ գործարար

Ապօրինությունը բողոքարկելուց հետո հարկայինը նոր ճնշումներ է սկսել․ գործարար

Հարկային տեսչության անօրինական գործողությունների դեմ Ֆինանսների նախարարություն բողոք ներկայացնելուց հետո «Վան Արյան» հրատարակչատան նկատմամբ նոր ապօրինություններ են կիրառվել: Այս մասին Epress.am-ին հայտնել է հրատարակչատան գործադիր տնօրեն Ավետ Պողոսյանը: Նրա խոսքով՝ նախորդ հարկային ստուգումների վերաբերյալ բողոքը դեռ գտնվում է Ֆինանսների նախարարության վարույթում։ Երեկ ընկերությունը նամակ է ստացել, համաձայն որի իրենց մոտ դարձյալ հարկային ստուգումներ են անցկացվել, թեև նման բան չի եղել:

Ստացված նամակը, Պողոսյանի խոսքով, պարունակում է կեղծ տեղեկատվություն: Մասնավորապես, փաստաթղթի համաձայն՝ «Վան Արյան» ընկերության տնօրենը հրաժարվել է ստորագրել հարկայինի աշխատակիցների կողմից կազմված ուսումնասիրությունների ակտը: Պողոսյանը պնդում է, որ ինքն առաջին անգամ ակտի մասին հենց այդ ծանուցումից է իմացել, իսկ իրենց մոտ նման ստուգումներ առհասարակ չեն անկացվել:

Տնօրենը նշել է, որ ընկերության նկատմամբ կիրառված նախորդ անօրինությունն այն էր, որ ուսումնասիրության հանձնարարագրի մեջ նշված է եղել երեք մարդու անուն, իսկ իրականում ուսումնասիրությանը մասնակցել են չորսը: Նշենք, որ ՀՀ-ում «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի հավելված 2-ի 1.4 կետի համաձայն՝ հսկիչ գնում կատարելու հանձնարարագրում պետք է նշված լինեն հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի բոլոր պաշտոնատար անձանց տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը): Ընդ որում, հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հանձնարարագրում նշվում են նաև այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը):

Դեպքին անդրադառնալով՝ հրատարակչատան տնօրենը պատմել է, որ իրենց տպարան է զանգահարել Մառա ներկայացած մի կին և այցեքարտեր պատվիրել: Պողոսյանն ընդունել է պատվերը և ասել, որ վճարումը պետք է արվի փոխանցումով՝ հաշիվ-ապրանքագրի հիման վրա: Հաջորդ օրը տպարան է եկել Կարինե ներկայացած մեկ այլ կին և հայտնել, որ Մառան խնդրել է փոխանցել այցեքարտերի պահանջվող ձևը ու ծառայության դիմաց փորձել է վճարել 10 հազար դրամ՝ որպես կանխավճար: Տպարանի տնօրենը կրկնել է, որ կանխիկ գումար չի կարող վերցնել, կանխավճար թողնելու կարիք չկա, և որ պատվերի համար պետք է վճարել բանկային փոխանցումով՝ աշխատանքը հանձնելուց հետո: Հեռախոսով, սակայն, Մառան խնդրել է տպարանի տնօրենին գումարը պահել իր մոտ, քանի որ ինքը Կարինեին այդ օրը չի հանդիպելու։ Կինն ասել է, որ գումարը կվերցնի, երբ երեկոյան այցելի տպարան՝ վերցնելու հաշիվ-ապրանքագրերը: Հենց այս Մառա անունով կինն էլ չորրորդ՝ հանձանարարագրում չնշված անձն է։

Կարինեի գնալուց հետո տպարան են մտել երկու երիտասարդ, ներկայացել որպես Արաբկիրի հարկային տեսչության աշխատակիցներ և հայտնել են, որ «այցեքարտերի պատվերը» իրականում հարկայինն է կազմակերպել՝ հսկիչ գնում կատարելու միջոցով տպարանում հնարավոր խախտումներ հայտնաբերելու նպատակով: Նրանք տեղեկացրել են, որ հսկիչ գնման արդյունքում արձանագրել են խախտում, ինչի վերաբերյալ կկազմեն համապատասպան արձանագրություն և ակտ։

Ստուգման հարցով՝ Պողոսյանի բողոքի հիման վրա Ֆինանսների նախարարությունում վարույթ է սկսվել, նիստեր են գումարվել մարտի 31-ին և ապրիլի 1-ին: Հարկայինն, իր հերթին, արձանագրություն է ներկայացրել՝ պնդելով, որ ընկերությունը խոչընդոտներ է ստեղծել հարկային ուսումնասիրություններ անելու համար: Երկու բողոքները միացվել են մեկ վարույթում:

Ավետ Պողոսյանի խոսքով՝ հարկայինն իրենց կազմակերպության նկատմամբ նման «հատուկ ուշադրություն» ցուցաբերում է հատկապես այս տարի: Վերջին մեկ տարվա ընթացքում մինչ օրս արդեն 5-6 ստուգումներ են անցկացվել:

«Սա ես համարում եմ հետապնդում մեր ընկերության նկատմամբ, բայց դեռ չեմ շտապի պատճառների վերաբերյալ եզրակացություններ անելու հարցում»,-ասել է Ավետ Պողոսյանը:

Tekali Taxi