2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստան֊Իրանի երկաթգիծն անիմաստ կդարձնի հայ֊թուրքական սահմանի փակ լինելը․ կարծիք

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո սկսվող գործընթացի դերը Հայաստանի համար դեռ վաղ է գնահատել։ Այդ գործընթացը երկսայր թրի նման է՝ Հայաստանը կարող է ներգրավվել Իրանի էներգետիկ և տրասնպորտային նախագծերում, սակայն կարող է նաև դուրս մնալ այդ նախագծերից: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրանի համար Հայաստանի հետ նախագծերը կարևոր էին ինչ-որ առումով մեկուսացումը հաղթահարելու համար, մեր համար էլ դրանք կարևոր էին Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով: Եթե փորձենք այս վատատեսական սցենարին ընդդիմանալ, ապա, իհարկե, Իրանին Հայաստանի հետ հարաբերությունները ձեռնտու են եթե ոչ զուտ տնտեսական տեսանկյունից, ապա առնվազն Հարավային Կովկասում իր քաղաքական ազդեցությունը պահպանելու տեսանկյունից», - ասել է Ոսկանյանը:

Քննարկման մեկ այլ մասնակից, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ Իրանի շրջափակումից դուրս գալը Հայաստանի համար դրական է: Նախ՝ Իրանը ունի օբյեկտիվ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցում, երկրորդ՝ Հայաստանի հետ քաղաքական համագործակցությունը Իրանի համար կարևոր է, քանի որ կա Թուրքիա-Ադրբեջան միությունը, ինչը չի կարող չմտահոգել Իրանին:

«Կարևոր է, որ մենք ունենք այլընտրանք: Իրանից եկող գազամուղը փոքր էր, սակայն այլընտրանք էր: Նույնը՝ երկաթգիծը: Եթե կառուցենք երկաթգիծ Իրանի հետ, որը իրոք ռեալիստական ծրագիր է։ Նույնիսկ սանկցիաների տակ գտնվող Իրանը գումար ունի դա կառուցելու։ Մենք չունենք քաղաքական կամք դա արագացնելու, ցավով եմ նշում: Իրանի հետ երկաթգծով մենք կիմանանք մետաքսե ճանապարհին, դրանից հետո անիմաստ կլինի փակ պահել հայ-թուրքական սահմանը»,-ասել է Ստեփան Գրիգորյանը: