Home / Հայաստան / Նախագահականի դիմաց կանայք պահանջեցին ազատել քաղբանտարկյալներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախագահականի դիմաց կանայք պահանջեցին ազատել քաղբանտարկյալներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 15-ին ՀՀ նախագահի նստավայրի դարպասների դիմաց «Հայ Կանանց Ճակատ» նախաձեռնության կողմից բողոքի ակցիա է կազմակերպվել՝ «Հիմնադիր խորհրդարան»֊ի ձերբակալված անդամներին ազատելու պահանջով։ Այս մասին հաղորդում է «Նոյան տապան» գործակալությունը։

Կանայք ձեռքներին ունեին ձերբակալվածների նկարներով պաստառներ։ Պաստառներից մեկի վրա գրված էր․ «Բռնակալ, ազատի՛ր քաղբանտարկյալներին։ Մենք չենք նահանջելու, մենք գրոհելու ենք»։ Ակցիայի մեկնարկին կանայք կանգնել են նախագահականի դարպասների մոտ, ոստիկանները փորձել են հրելով և քաշքշելով հեռացնել նրանց, այնուամենայնիվ, բողոքողները որոշ ժամանակ պաստառները բացած կանգնել են Բաղրամյան 26-ի դիմաց։ Այդ ընթացքում ոստիկաններն ակցիայի մասնակիցներին հորդորել են չմոտենալ նախագահականի դարպասներին, անցնել փողոցը և ակցիան շարունակել դիմացի մայթին։

Կանայք անցել են Բաղրամյան պողոտան՝ պաստառներով կանգնելով նաև փողոցի երթևեկելի մասում, ապա իջել են դեպի Ազգային ժողով, որի դարպասների մոտ նույնպես անցկացրել են իրենց ակցիան։

«Հայ Կանանց Ճակատ»֊ի ներկայացուցիչները հայտնել են, որ ակցիան կրելու է շարունակական բնույթ, և իրենք «հայտնվելու են ամենուր» ու իրազեկելու են ժողովրդին Հայաստանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին այնքան ժամանակ մինչև իշխանությունը չբավարարի իրենց պահանջը։

Տեսանյութը՝ «Նոյան տապան»

Հիշեցնենք, որ ապրիլի 7֊ին բերման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ներկայացուցիչներ Պավել Մանուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Արամ Հակոբյանը և Գևորգ Սաֆարյանը։ Նրանցից 5-ը ձերբակալվել են՝ մեղադրվելով քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ նախապատրաստելը) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:  Արամ Հակոբյանին ազատել են գրավի դիմաց, նա մեղադրվում է ապօրինի զենք֊զինամթերք պահելու մեջ։ Ձերբակալվածներին այցելած ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նրանց քաղբանտարկյալ է ճանաչել։ 

Tekali Taxi