Home / Հայաստան / Վարչապետը նաիրիտցիներին 1 ամսվա աշխատավարձ խոստացավ․ ամբողջ պարտքի ճակատագիրն անհայտ է

Վարչապետը նաիրիտցիներին 1 ամսվա աշխատավարձ խոստացավ․ ամբողջ պարտքի ճակատագիրն անհայտ է

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին և խոստացել նրանց մինչև ապրիլ ամսվա վերջ տալ մեկ ամսվա աշխատավարձ։ Այս մասին Epress.am-ին ասել է գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։ Ամբողջ պարտքի (աշխատողների մեծամասնության դեպքում 17-18 ամիս) մարման հարցի լուծման որևէ առաջընթաց նաիրիտցիներին չի ներկայացվել այս անգամ ևս։

Հանդիպման մասին ՀՀ կառավարության պաշտոնական կայքում նշվում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է «Նաիրիտ»-ի գործարկման հնարավորություններին և նշել, որ Համաշխարհային բանկի փորձագետներն ուսումնասիրություն են կատարել այդ ուղղությամբ: Կառավարության ղեկավարն առաջարկել է նաիրիտցիներին՝ ծանոթանալ վերոնշյալ վերլուծության արդյունքներին, ներկայացված առաջարկություններին ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ քննարկել հետագա քայլերը:

««Նաիրիտ»-ի աշխատակիցների առաջարկությամբ քննարկվել է նաև գործարանում եղած գույքի մի մասի վաճառքի պարագայում գոյանալիք միջոցների հաշվին աշխատավարձը վճարելու տարբերակը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ այժմ բանակցություն է վարվում այդ ուղղությամբ»,֊ գրում է կայքը։

Հիշեցնենք, որ վերջին հանդիպման ժամանակ Աբրահամյանը խոստացել էր միջնորդել, որպեսզի «Նաիրիտի» աշխատակիցների երեխաների ուսման վարձերի վճարման ժամկետը երկարացվի 4 ամսով։ Վարձերը մինչև ամբողջ աշխատավարձի մարումը հետաձգելը նաիրիտցիների 9 պահանջներից մեկն է։  

Tekali Taxi