Home / Տեսանյութեր / Ոստիկանության ներկայացուցիչը դեմ է, որպեսզի նիստը տեսագրեն․ նա պնդում է, թե կաշկանդվում է

Ոստիկանության ներկայացուցիչը դեմ է, որպեսզի նիստը տեսագրեն․ նա պնդում է, թե կաշկանդվում է

ՀՀ ոստիկանության իրավախորհրդատու Սոնա Մելիքյանն այսօր Վարչական դատարանում դեմ է եղել, որ ԶԼՄ֊ները տեսաձայանգրություն իրականացնեն հանրային գործիչ, ակտիվիստ Աննա Շահնազարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ոստիկանության հայցի քննության ժամանակ։

Մելիքյանը պատճառաբանել է, որ ինքը երկար ժամանակ է՝ ներկայացնում է ոստիկանությունը վարչական գործերով, և եղել են նախադեպեր, երբ իր հասցեին համացանցում անհարկի մեկնաբանություններ են արվել։ Ոստիկանության ներկայացուցիչը հավելել է, որ այդ փաստն իրեն կաշկանդում է, և դատարանը վերջինիս միջնորդությունը համարել է հիմնավոր։

Շահնազարյանի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը հայտարարել է, որ գործը հանրային կարևորություն ունի, ոստիկանության ներկայացուցիչների և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի մասին է, և այստեղ լրագրողի՝ որպես հանրային հսկիչի աշխատանքը կարևոր է։ Շահնազարյանը ևս ասել է, որ Սոնա Մելիքյանը դատարանում հայտնվել է իր կամքով, ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնի բերումով։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մելիքյանը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Նա առարկել էր, որպեսզի լրագրողները տեսաձայնագրեն նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստի ընթացքը։

Այսօրվա դատական նիստին հարցաքննվել են ոստիկան վկաներ Անդրանիկ Հարությունյանը և Արմինե Ղաջոյանը։ Երկուսն էլ ասել են, որ 2014 թվականի մայիսի 13֊ին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ անցկացվող Մաշտոցի պուրակի անվանափոխման արարողության ժամանակ Աննա Շահնազարյանին բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները ներկայացել են և քաղաքացուն տեղեկացրել են՝ ինչ հիմքով են բերման ենթարկում նրան։

Շահնազարյանը հերքում է դա` նշելով, որ ոստիկանների ասածը հերքող տեսաձայնագրություն ունի։ Նա պնդում է, որ անգամ նրանից հետո, երբ ինքը խնդրել է բերման ենթարկելու հիմքեր ներկայացնել, ոստիկանները դա չեն արել։

Անդրանիկ Հարությունյանը, ով վարել էր ոստիկնության մեքենան Շահնազարյանին բերման ենթարկելու ժամանակ, ասել է, որ, ճանաչելով ոստիկաններին, համոզված է, որ նրանք ներկայացել են, թեև ինքը դրան ակնատես չի եղել։

Վարորդը պնդել է, որ Շահնազարյանն ամբողջ ճանապարհին՝ մոտ 10 րոպե, խոսում էր հեռախոսով և ոստիկաններին հիմքեր ներկայացնելու խնդրանքով չի դիմել։

Արմինե Ղաջոյանն էլ, հարցերին պատասխանելիս, անընդհատ նայել է ոստիկանությանը ներկայացնող Սոնա Մելիքյանին, թեև նա պարտավոր էր ցուցմունք տալուց նայել միայն դատավորի վրա։ Դա հնարավոր էր, քանի որ դատական սենյակի փոքր լինելու պատճառով վկան այնպես էր կանգնել, որ կարող էր տեսնել նաև դատավարության կողմերին։

Մի քանի անգամ դիտողություն անելուց հետո նախագահող Աղասի Դարբինյանը նախազգուշացրել է, որ եթե կրկին նկատի, թե ոստիկանության ներկայացուցիչը հուշում է վկային, ապա վերջինիս ամբողջ ցուցմունքը կհանվի գործից։

Հաջորդ դատական նիստին վկաների հարցաքննությունը շարունակվելու է։

Վարույթում գտնվող գործը վերաբերում է անցյալ տարվա մայիսին Մաշտոցի պուրակի անվանափոխման միջոցառման ընթացքում տեղի ունեցած միջադեպին, երբ մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ Աննա Շահնազարյանը, բողոքի ակցիա են անցկացրել պուրակի անվանափոխման դեմ: Այդ օրը Շահնազարյանը բերման է ենթարկվել և 3 ժամ պահվել ոստիկանության բաժանմունքում։

Քաղաքացիներն ավելի վաղ Ֆրանսիայի նախագահին ուղղված նամակում գրել էին, որ Երևանի ավագանին պուրակի անվանափոխման որոշումը կայացրել էր գաղտնի կերպով, իսկ քաղաքացիները դրան դեմ են, քանի որ Մաշտոցի պուրակը հանդիսանում է Հայաստանում քաղաքացիական շարժումների խորհրդանիշը և հարկ չկա այն կոչել Միսակ Մանուշյանի անունով:

Լուսանկարը՝ aac.am

Tekali Taxi