Home / Տեսանյութեր / ԵՏՄ֊ին անդամակցելուց հետո Հայաստանն ավելի խոցելի է դարձել. հոդված

ԵՏՄ֊ին անդամակցելուց հետո Հայաստանն ավելի խոցելի է դարձել. հոդված

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) տարածել է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը․ քաղաքական հետևանքներ» հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․ 

«2013թ-ի սեպտեմբերի 3-ին հայտարարելով Մաքսային և Եվրասիական Տնտեսական Միությանն անդամակցելու մտադրության մասին՝ Հայաստանը մի կողմ դրեց այդ պահին ամբողջովին համաձայնեցված և նախաստորագրման պատրաստ ԵՄ-ի հետ Ասոցացման ու խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։ 

Հայաստանի ղեկավարությունը և նրա ներկայացուցիչներն իրենց քայլը բացատրում էին երկրի անվտանգության շահերով, տնտեսական ցուցանիշների բարելավման հեռանկարներով, այն դեպքում, երբ Արևմուտքի և հենց Հայաստանի բազմաթիվ դիտորդներ դա դիտարկում էին որպես Կրեմլի հրեշավոր ճնշման և Հայաստանում ամբողջովին կոռումպացված իշխող օլիգարխիկ համակարգի հետ նրա շահերի համընկնման արդյունք։ 

Հայ հասարակության մեջ արտաքին քաղաքականության այդ լիակատար  շրջադարձի առաջին իսկ օրերից ծավալվեց և մինչ այս պահն էլ շարունակվում է բանավեճն այն թեմայով, թե որքանո՞վ են դրանք համապատասխանում հայկական պետականության և Հայաստանի հասարակության շահերին, և արդյո՞ք դրանք ընդհանրապես համապատասխանում են։ 

Նույնիսկ հիմնական քաղաքական, տնտեսական և հասարակական միտումների վերաբերյալ մակերեսային հայացքը, դրանց պատճառահետևանքային կապերը ցույց են տալիս, որ իշխանությունների կողմից այդ «մեկ գիշերվա որոշումից» հետո (քանզի նույնիսկ հայտարարության օրը նախագահի մերձավոր զինակիցները պնդում էին եվրաինտեգրման ուղղությանը Հայաստանի «նվիրվածության» մասին) հասարակությանը մատուցված փաստարկները ներկա պահի դրությամբ ժամանակի փորձությանը չդիմացան և կենսունակ չեն։

Անվտանգության տեսանկյունից Հայաստանն ավելի խոցելի է դարձել Ադրբեջանում Ալիևի ռեժիմին ռուսական ժամանակակից զենքի շարունակական մատակարարումների պատճառով, իսկ դրա արդյունքում էլ` այդ ռեժիմի ավելի մեծ կոնսոլիդացիայի և երկրի ներսում բռնաճնշումների աճի, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում համաձայնության գալու նրա ունակության կտրուկ անկման, շփման գծում լարվածության մեծացման հետևանքով։ 

Հայաստանի տնտեսական վիճակը նույնպես վատթարացել է. ազգային արժույթը՝ դրամը, արժեզրկվել է, կրճատվել և դժվարացել է արտահանումը հիմնական շուկա՝ Ռուսաստան։ Արևմտյան ներդրումները նույնպես կրճատվել են, փոքրացել է ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտների ծավալը, որից Հայաստանի կախվածությունը Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից ի վեր (1998-2008թթ.) միայն մեծանում էր։ 

Հայկական տնտեսության բացասական միտումները, ներքին պատճառներից զատ, պայմանավորված էին Ռուսաստանում սկիզբ առած համակարգային ճգնաժամով և արդյունք էին ոչ միայն վերջինիս քաղաքական-տնտեսական բնույթի ներքին համակարգային թերությունների (որը բացահայտվեց էներգակիրների համաշխարհային գների անկումից հետո), այլ նաև Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վարած ագրեսիվ քաղաքականության, որն ստիպեց ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Մեծ յոթնյակին և մյուսներին Մոսկվայի ներուժը թուլացնող պատժամիջոցներ ներառել։ 

Սակայն, եթե վերջին տարիներին Հայաստանը քայլ առ քայլ էր կորցնում ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը, ապա սեպտեմբերի 3-ի շրջադարձից հետո սուբյեկտության կորուստը ստացել է փլուզման բնույթ։ 

ԵՄ ասոցացումից երես թեքելուն և Ռուսաստանի հետ ավելի մերձենալուն զուգահեռ 2011-2012թթ. Հայաստանում նշմարվող բիզնեսի և քաղաքականության տարանջատման, իշխանությունից օլիգարխներին հեռացնելու թույլ և անկայուն միտումները նույնպես հակառակ ուղղությամբ շրջվեցին, ընդհուպ մինչև 2014թ. «օլիգարխիկ ռևանշը», երբ ապրիլին Տիգրան Սարգսյանի փոխարեն վարչապետի պաշտոնին նշանակվեց Հովիկ Աբրահամյանը՝ «ոչ իշխանական» բևեռում դիրքավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամին։ 

Փաստացիորեն օլիգարխիզացիան ընդգրկեց նաև քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը։ Քաղաքականությունից Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո իշխանության կուսակցությունը հարաբերականորեն ամրապնդվեց և հայտնվեց մրցակցությունից դուրս վիճակում, իսկ նրա քաղաքական ընդդիմախոս մնաց միայն քաղաքացիական հասարակությունը, որի շահերը քաղաքական ուժերի կողմից մինչ այժմ էլ մնում են անտեսված։ Այդ ամենը արտացոլվեց Ազգային ժողովում ԵՏՄ-ին Հայաստանի միանալու համաձայնագրի վավերացման քվեարկության արդյունքներում. 131 պատգամավորներից միայն 7-ը «դեմ» քվեարկեց այդ համաձայնագրին:

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը հետխորհրդային բռնապետերի այդ ակումբում, ըստ Ֆրիդըմ Հաուսի գնահատականի, առայժմ մնում է միակ «մասնակի ազատ» երկիրը։ Եվ դատելով Կրեմլի կողմից բռնաճնշիչ օրենքներ Հայաստան ներմուծելու գործնական քայլերից, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների բացահայտ հայտարարություններից՝ քաղաքացիների խոսքի ազատությունը և բողոքելու իրավունքը հայտարարվել են որպես «գունավոր հեղափոխության» վտանգներ և որպես ծայրահեղականության դրսևորում` հասցվել «պետական անվտանգությանն ուղղված գլխավոր սպառնալիքի» մակարդակի։ 

Այդպիսի մոտեցումներն անխուսափելիորեն անդրադարձել են նաև Հայաստանի վրա: Ռուսաստանի ներկայացուցիչների հայտարարարությունները, ինչպես ԱՊՀ-ում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչևինը կամ էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինինը, ցույց են տալիս, որ Մոսկվան իր շահերի անարգել առաջխաղացման առումով վտանգ է տեսնում հայ հասարակության մեջ՝ «անընդունելի» համարելով Պուտինի «ինտեգրացիոն» նախագծերում Հայաստանի անդամակցության խնդրով քաղաքացիական ընդդիմացումը։ Այդ նախագծերը ոչ միայն ապագա, այլ նաև ներկա չունեն, իսկ Հայաստանն էլ գոնե մեկ ցամաքային սահման  չունի «դաշնակիցներից» գեթ մեկի հետ։

Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում զուգահեռաբար կառուցվել է ամենաթափանց կոռուպցիայի ուղղահայացով ինտեգրված համակարգ, որը հենվում է բիզնեսի և քաղաքական ինստիտուտների ամբողջական սերտաճման ու ձևավորված քրեական օլիգարխիայի վրա՝ դեկորատիվ հնազանդ խորհրդարանով, առանց Սահմանադրությամբ հռչակված իշխանության ճյուղերի բաժանման որևէ նշույլի և զսպումների ու հակակշիռների համակարգի, հնազանդ միայն մեկ մարդու կամքին։ 

Ռուսական քաղաքականության մեջ հակաարևմտյան միտումների կտրուկ ուժգնացման խորապատկերին մեծանում է Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու և հասարակական ու տեղեկատվական գործունեության ոլորտներում, ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների նկատմամբ ռեպրեսիվ միջոցների համանման համակարգ ներմուծելու հավանականությունն ու հնարավորությունը։ 

Հնարավոր է թվում նաև Մոսկվայի կողմից 2014թ. հունվարի 16-ի «Յանուկովիչի բռնապետական փաթեթ»-ին համարժեքի պարտադրումը Երևանին, որով օրենսդրորեն կարող են էականորեն սահմանափակվել քաղաքացիների իրավունքները և ազատությունները, հատկապես խոսքի ազատությունը և ցույցերի կազմակերպման իրավունքը։ Ակնհայտ է, որ Կրեմլը ներկա պահին յուրօրինակ «պատերազմ»  է  հայտարարել անկախ մամուլին և, ընդհանրապես, Հայաստանի քաղաքացիական հասարակությանը։ 

ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածում է օբյեկտի, իսկ միջազգային ասպարեզում ու տարածաշրջանում՝ ռուսական շահերի կցորդի, որտեղ նրանից պահանջվում են քայլեր, որոնք ուղղակիորեն հակասում են որպես պետություն նրա շահերին։ Դրա առաջին դրսևորումն էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձևին Հայաստանի «դեմ» քվեարկությունը, որը նրան համաշխարհային «իզգոյների» հետ նույն շարքին դասեց։ 

Հայաստանում և տարածաշրջանում անդառնալի գործընթացներ թույլ չտալու համար ԵՄ-ը և ԱՄՆ-ը, որքան առավելագույնս հնարավոր է, պետք է պահպանեն, ընդարձակեն և խորացնեն հարաբերությունները Երևանի հետ, ընդ որում՝ ոչ միայն իշխանության կամ քաղաքական ուժերի, այլ նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ, այլ ոչ թե երես թեքեն կամ պատժեն նրան։ 

Անհրաժեշտ է օպերատիվ և համարժեք արձագանքել Երևանի կողմից իրավունքների և ազատությունների հարգման միջազգային պարտավորվածություններից որևէ պատրվակով ցանկացած հնարավոր նահանջին։ 

Ինչպես Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավն է խոստովանում՝ քանի դեռ ձևակերպված չէ ՆԱՏՕ-ի քաղաքականությունն այն առումով, թե «ինչ անել՞» հետխորհրդային երկրների հետ, դա սպառնում է նրանով, որ ամբողջ հետխորհրդային տարածքը կարող է վերածվել այնպիսի երկրների յուրօրինակ «գորշ գոտու», որտեղ երկրների ինքնիշխանությունը Ռուսաստանի կողմից սահմանափակված է նրա «հատուկ շահերի» արդյունքում։ 

Հայաստանի վիճակը նրան շատ ավելի խոցելի է դարձնում պետականության և ինքնիշխանության փաստացի կորստի սպառնալիքին դեմ հանդիման։ Ներկայումս առայժմ պահպանվում է միավորված Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես, Հայաստանի մերձեցման և ինտեգրման պատմական հնարավորությունը, որը, սակայն, սահմանափակված է ներքին ռեսուրսներով և ժամանակով»:

Tekali Taxi