Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի գործընկերների՝ Ռուսաստանի ու Ղազախստանի միջև առևտրային պատերազմ է ծավալվում։ Արգելքի տակ հայտնվող ապրանքներից շատերը լայնորեն ներկայացված են նաև հայաստանյան շուկայում։ Ռուբլու արժեզրկումը ռուսաստանյան ապրանքները վտանգավոր է դարձրել հարևան երկրների համար։
Ռուբլու արժեզրկման ֆոնին՝ Աստանան, ռուսաստանյան նավթամթերքների վրա էմբարգո դնելուց հետո, առևտրային ցանցերից վերացնում է նաև ՌԴ արտադրության կոնֆետները, կարագն ու միսը, որոնց էժան գինը վտանգում է տեղական արտադրողների բիզնեսը։ «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ, առաջիկայում արգելք կարող է դրվել նաև հյութերի, հավկիթների, մակարոնեղենի և ալյուրի վրա։ Այս գործողություններն առավել լրջորեն կարող են անդրադառնալ կաթնամթերթի արտադրողների վրա, որոնց համար Ղազախստանը խոշորագույն շուկաներից է։ Ի պատասխան՝ ՌԴ֊ում սննդի որակը վերահսկող «Ռոսպոտրեբնադզոր»֊ն արդեն խախտումներ է հայտնաբերել ղազախստանյան դդումների, կեֆիրի ու կաթի մեջ։
Ղազախստանի Ազգային տնտեսության նախարարության Սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովը հայտարարել է ռուսաստանյան արտադրողների կողմից «սպառողների դեմ խարդախության» մասին։ Այդ ընկերությունների արտադրությունը հանվում է վաճառքից ու առգրավվում մատակարարների պահեստներից։ Այսպես, մարտի 31֊ի դրությամբ հանձնաժողովը առգրավել է շուրջ 5 տոննա ռուսաստանյան արտադրության թռչնամիս, որը չի համապատասխանում կանոնակարգին, հայտնաբերել բակտերիաներ ռուսական պանրի, կաթնամթերքի ու մսի մեջ։ Արգելքի տակ են հայտնվել, մասնավորապես, «Մախեև» և «Սարատովսկի» մայոնեզները, «Կրեստյանսկոյե» կարագը, «Զոլոտայա սեմեչկա» արևածաղկի ձեթը, «Կրասնիյ օկտյաբր» ընկերության «Ալյոնկա» շոկոլադը, և այլն։
Ռուսաստանն, իր հերթին, վաճառքից հանել է ղազախստանյան «Այդ պլյուս» ընկերության կեֆիրը, «Լիդեր2010» ընկերության թանը, «ԴԵՊ» ընկերության կաթը, մի շարք գյուղտնտեսությունների դդումներն ու ճակնդեղները։ Ի հավելումն, «Ռոսպոտրեբնադզոր»֊ը Մոսկվայի շրջանում առգրավել է Ղազախստանից ՌԴ ներմուծված ամերիկյան արտադրության ծիրանաչիր ու ընկույզ։