Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանի որդին ընկերների հետ 2 երիտասարդի է ծեծի ենթարկել․ news.am

Սուրիկ Խաչատրյանի որդին ընկերների հետ 2 երիտասարդի է ծեծի ենթարկել․ news.am

Գորիսում ծեծկռտուք է տեղի ունեցել, որին, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցություն է ունեցել նաև Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Այս մասին գրում է News.am-ը:

Կայքի տեղեկություններով՝ մայիսի 2-ի երեկոյան Տիգրան Խաչատրյանը մեքենա վարելիս վիճաբանել է զուգահեռ ընթացող մեքենայի ուղևորների՝ երկու եղբայրների հետ, որոնց անունը չի նշվում։

Երիտասարդները պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները, որոնք նաև 2013 թվականի հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հետ բարեկամական կապեր ունեն, գնացել են նշված տարածք: Նրանց դիմավորել են 40-ից ավելի երիտասարդներ․ եղբայրներին հայհոյել և ծեծի են ենթարկել: Նրանցից մեկի վիճակը ծանր է եղել, նա տեղափոխվել է Երևան: Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ երիտասարդի աչքն է վնասված և առայժմ հայտնի չէ, թե վիրահատությունից հետո տեսողությունը կվերականգնվի, թե՝ ոչ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից News․am-ին հայտնել են, որ Գորիսի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, թե իրենց մոտ է տեղափոխվել աջ աչքի վնասվածքով, կոպի պատռվածքով մի քաղաքացի: Պարզվել է, որ վնասվածքը ստացել է մայիսի 2-ին Սդղի գյոլ տարածքում վիճաբանության ժամանակ, «կատարվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են»:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիսում վթար էր տեղի ունեցել։ Ականատեսները պնդել էին, որ Սյունիքի մարզպետի որդին մեքենայով բախվել էր Սյունիքի անտառտնտեսության նախկին պետի որդու մեքենային, մինչդեռ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ իր որդին այդ օրը Երևանում էր եղել։

2013 թվականի հունիսի Տիգրան Խաչատրյանին ձերբակալել էին Գորիսում իր տան մոտ հրաձգությանը մասնակցելու համար, որի հետևանքով սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը և վիրավորվել էր նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը։ Խաչատրյանին, սակայն, ազատ էին արձակել, քանի որ, քննիչների պնդմամբ, նա ինքնապաշտպանվել էր։ 

Tekali Taxi