Home / Հայաստան / Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի առնչությամբ քրեական գործ են հարուցել

Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի առնչությամբ քրեական գործ են հարուցել

Սյունիքի մարզային դատախազությունը մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ 258-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով քրեական գործ է հարուցել։

Երեկ ԶԼՄ֊ները գրել էին, որ ծեծկռտուքին մասնակցել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։

Համաձայն Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, մայիսի 2-ին, ժամը 21:35-ին, «Գորիս բժշկական կենտրոնից» ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հ.Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով:

«Ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Հ.Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տ․Խաչատրյանի հետ, որից հետո նրանք գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ.Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք», ֊ նշում է պաշտոնական աղբյուրը։

Քննչական կոմիտեն վստահեցնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տուժածի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, միջադեպին մասնակցած բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Tekali Taxi