Գլխավոր / Տեսանյութեր / Նստացույց կառավարության դիմաց․ «Նաիրիտի» աշխատողները պատասխան են ակնկալում

Նստացույց կառավարության դիմաց․ «Նաիրիտի» աշխատողները պատասխան են ակնկալում

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մայիսի 14֊ից նստացույց են սկսելու Կառավարության շենքի դիմաց՝ իրենց աշխատավարձները վճարելու պահանջով։ Այս մասին Epress.am֊ին հայտնել է «Նաիրիտի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։ Նա տեղեկացրել է, որ նստացույցը նախնական պայմանավորածությամբ կտևի 3 օր, հետագայում նաիրիտցիները քայլերը կվերանայեն՝ համապատասխան Կառավարության արձագանքի։

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պահանջում են Կառավարությունից պարտքի մարման ժամանակացույց ներկայացնել, ինչպես նաև կատարել իրենց 9 կետանոց պահանջը։ Այդ պահանջների թվում են՝ «Նաիրիտ»֊ի ազատված աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների՝ բանկերից վերցված վարկերի վճարների սառեցում՝ մինչև աշխատավարձի պարտքի ամբողջական մարումը (18-24 ամսվա պարտք), գործարանի ազատված աշխատակիցների երեխաների ուսման վարձերի վճարման հետաձգումը, աշխատակիցների կոմունալ ծախսերի վճարումների հետաձգումը, հիվանդության դեպքում «Նաիրիտ»֊ի նախկին և ներկա աշխատակիցների անհրաժեշտ վիրահատությունների պետպատվերով ապահովումը, թոշակառու աշխատակիցների թոշակների վերահաշվարկը՝ վերջին 2 տարիների կտրվածքով։