Home / Հայաստան / Ընտրություններին թեկնածուներ չկան․ ռեկտորներին «դաբրոյով» են նշանակում․ «Հրապարակ»

Ընտրություններին թեկնածուներ չկան․ ռեկտորներին «դաբրոյով» են նշանակում․ «Հրապարակ»

Հայաստանյան երեք բուհերում հունիսին ռեկտորի ընտրություններ են, սակայն թեկնածուների աշխուժություն չի նկատվում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը դեռ չի հասցրել առաջադրվել։ Թերթի հետ զրույցում նրա մամուլի քարտուղարը, սակայն, ասել է, որ Թոքմաջյանի առաջադրումն սպասվում է ժամ առ ժամ․ «Ուղղակի փաստաթղթային խնդիր է, զուտ տեխնիկական։ Նա անպայման կառաջադրվի»։ Մյուս երկու բուհերում՝ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և ԵՊՀ֊ում, առայժմ միակ գրանցված թեկնածուները գործող ռեկտորներն են՝ Միքայել Նարիմանյանը և Արամ Սիմոնյանը (լուսանկարում)։ Վերջինս արդեն երրորդ անգամ է առաջադրվում, իսկ Նարիմանյանը՝ երկրորդ։

««Ռեկտորացուները» պետք է ներկայացնեն բուհերի 5֊ամյա զարգացման նախագծեր։ Իրականում սրանք ձևական պահանջներ են, և ընտրությունը, շատերի կարծիքով, կանխորոշված է։ Ինչո՞ւ ռեկտորի թեկնածուները չունեն մրցակիցներ, ինչո՞ւ են առաջադրվում միայն գործող կառավարիչները», ֊ հարց է բարձրացնում «Հրապարակը»։

ՀԱԿ անդամ, Մատենադարանի նախկին տնօրեն Արշակ Բանուչյանն այդ հարցին հետևյալ պատասխանն է տվել․ «Անիմաստ է ռեկտորի թեկնածություն առաջադրելը։ Եթե բոլորը գիտեն, որ վերևից է ռեկտորը նշանակվելու, էլ ինչո՞ւ առաջադրվեն։ Չեմ կասկածում, որ այդ նույն երեք բուհերում կան այլ թեկնածուներ, որոնք կցանկանային առաջադրվել, բայց չեն անում դա, քանի որ գիտեն, որ ռեկտորին «դաբրոյով» են նշանակում»։

Առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը հետևյալ կերպ է մեկնաբանել ռեկտորների ընտրությունը․ «Շատ ֆորմալ ընտրություն է կատարվում։ Պարզ է, որ ռեկտորի ընտրությունը կանխորոշված է։ Գործող ռեկտորի դեմ թեկնածություն դնողն առնվազն պետք է քիլլեր լինի։ Պատկերացրեք, նույն համալսարանում Պողոսը դրեց Արամ Սիմոնյանի դեմ։ Ընտրությունը կպրծնի, Պողոսին կհանեն, փողոց կշպրտեն»։

Tekali Taxi