Home / Տեսանյութեր / Ցեղասպանության զոհերի սրբադասումը` մարդկության նոր կյանքի սկիզբ. Colta.ru- անդրադարձը

Ցեղասպանության զոհերի սրբադասումը` մարդկության նոր կյանքի սկիզբ. Colta.ru- անդրադարձը

Ապրիլի 23-ին Հայ Առաքելական եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին: Աննա Շմաինա-Վելիկանովան colta.ru կայքում հրապարակած իր հոդվածում կարծիք է հայտնում, որ մարդկության համար սա նոր կյանքի սկիզբ է: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Ապրիլի 23-ին մի իրադարձություն տեղի ունեցավ, որը մենք բոլորս դեռ պետք է գիտակցենք։ Նոր քրիստոնեական կյանքի ելակետ է սահմանվել․ ասեմ ավելին՝ դա նոր կյանքի ելակետ է ողջ մարդկության համար։ Հայ Առաքելական եկեղեցին սրբադասել է մեկուկես միլիոն մարդու՝ 1915 թվականի ցեղասպանության բոլոր զոհերին։

Այս յուրահատուկ փաստը հանրայնորեն գրեթե չի քննարկվում ոչ եկեղեցու ներսում, ոչ էլ՝ դրանից դուրս։ Ոչ եկեղեցական մարդիկ քիչ են մտորում այն մասին, թե ինչ է սրբադասությունը: Եկեղեցական մարդիկ այնքան ցնցված են տեղի ունեցածի մասշտաբից, որ պատրաստ չեն դրան ամբողջական գնահատական տալ։ Կարծում եմ, սակայն, որ մեր առջև այնպիսի իրադարձություն է, որն ի վիճակի է վերացնել բաժանումը յուրայինների և օտարների եկեղեցական պարսպի երկու կողմերում։ 

Ի՞նչ է մեզ համար այդ սրբադասությունը, ինչպե՞ս ընկալել այն։ Եկեք սկսենք ամենազարմանալի, ամենացնցող նորույթից։ Քրիստոնեական եկեղեցին պատմության մեջ առաջին անգամ սրբերի շարքին է դասում պետական բռնության բոլոր զոհերին։ Մարդկանց, ովքեր զոհվել են ոչ հանուն հավատքի։ Հայոց ցեղասպանության զոհերը չեն մահացել այնպես, ինչպես առաջին դարերի քրիստոնյաները, ինչպես հետագա դարերի նահատակները։ Նրանք չեն մահացել իրենց կրոնական համոզմունքների պատճառով։ Մարդիկ, ովքեր նրանց թալանել են, բռնաբարել, խոշտանգել ու սպանել, կրոնական համոզմունքներ նույնպես չեն ունեցել։  Հետևաբար, չեմ ուզում 1915 թվականի իրադարձությունները ներկայացնել որպես մահմեդականության պայքար քրիստոնեության դեմ։ Պատմությունից գիտենք, որ ցեղասպանության առաջին օրերին Օսմանյան կայսրության հայերից ոմանց առաջարկում էին մահմեդականություն ընդունել։ Բայց շատ շուտով բռնագաղթի տրամաբանությունը բերեց նրան, որ որևէ երկխոսություն այլևս հնարավոր չէր։ Նրանց հավաքում էին, արտաքսում, գցում գետն առանց նավակների, քշում անապատի միջով առանց ջրի ու սննդի․ու նրանք մահանում էին։ Նրանց հավատքը ոչ մեկին  հետաքրքիր չէր։ Ավելին՝ Մեծ Եղեռնի մասին գլխավոր վկայություններից մեկը Ֆայեզ Էլ Հուսեյն անունով արաբ շեյխի՝ «Մահմեդականությունը նրանց հանցագործությունների հետ կապ չունի» գիրքն է, որում հեղինակն այդ իրադարձության մասին խոսում է  որպես իրապես ազգային ողբերգության մասին։ Մյուս ականատեսները, որոնց շնորհիվ մենք գիտենք, թե ինչպես է դա եղել, օրինակ, գերմանացի միսիոներ, հոգևորական Յոհաննես Լեփսիուսը, անմիջապես Մեծ Եղեռնի հետքերով գրում են Գերմանիայի ղեկավարության մեղքի մասին, որը կազմակերպել էր քաղաքական խաղեր ու երիտթուրքերին հրահրել կոտորածի։ Այն մարդկանց մեղքի մասին, ովքեր իրենց, անկասկած, դասում էին քրիստոնեական դավանանքներից մեկին։

Ճիշտ է, հայ նորանահատակների սրբադասության հակառակորդները բազմիցս ընդգծել են, որ երիտթուրքերի ղեկավարությունը բնաջնջում էր ոչ միայն հայերին, այլև՝ ասորիներին ու Պոնտոսի հույներին։ 

Այդ բոլոր ցեղասպանությունների նպատակը, սակայն, ամենևին մահմեդականության հաղթանակը չէր, այլ՝ թուրք ազգի ամրապնդումը, ու դա չէին թաքցնում պանթուրքիզմի գաղափարախոսները։ Այստեղ գործ ունենք ոչ թե մահմեդականության հետ, այլ՝ մահմեդականության դիմակի, որը կոծկում էր ձևավորվող նացիզմը։ Այս բառն օգտագործում եմ անախրոնիկ կերպով, բայց՝ գիտակցաբար։ Իսկ նացիզմին, ինչպես գիտենք, ոչ մի կրոն չի հետաքրքրում։ Տեռորի համար միևնույն է՝ ում փոշիացնել։

Եթե, սակայն, անենք հաջորդ քայլը, կտեսնենք, որ այդ մարդիկ չեն զոհվել հանուն հայ ազգի։ Նրանք մահացել են որպես հայեր։ Այնպես, ինչպես հրեաները չեն զոհվել հանուն հրեա ժողովրդի, այլ՝ պարզապես որպես հրեաներ, իսկ գնչուները՝ ոչ հանուն գնչուների։ Մեր կենսափորձը բավարար է պատկերացնելու համար, որ այդ մարդիկ ամեն րոպե փորձել են անել այն, ինչ այդ պահին անհրաժեշտ է եղել որևէ նորածնին, կամ՝ որևէ հարազատ ծերունուն։ 
Հանուն նրանց են մահացել, այլ ոչ՝ հայ ազգի։ Մահացել են ողջ հայ ազգի հետ միասին։ 

Հետևաբար, այդ մարդիկ պարզապես զոհեր են։ Նրանց կորստից հայ ժողովուրդը մինչ  օրս չի վերականգնվել։ Մահացել են մտավորականներ, արդյունաբերողներ, վարդապետներ, հեքիաթասացներ ու երգիչներ։ Կորսվել են վերնախավային ու ժողովրդական ավանդական մշակույթներ։ Սակայն դա նույնը չէ, ինչ կորցնել հերոսներ պատերազմում, կամ՝ սրբերի, որոնք մկրտում էին ժողովրդին և ապա՝ տանջամահ արվում դահիճների կողմից։ Հայաստանն այդ մարդկանց գիտի՝ Գրիգոր Լուսավորիչ, Գայանե, Հռիփսիմե, Շուշանիկ։ Քրիստոնյա Հայաստանի վաղ պատմությունը մեզ նահատակների ու հերոսների զարմանալի պատկեր է ներկայացնում։ 

Խոշտանգումների ենթարկված մեկուկես միլիոնի շարքերում էլ, իհարկե, սրբեր կային։ Զարմանալի է ոչ թե այն, որ նրանք կային, այլ այն, որ մենք նրանց չգիտենք։ Այսինքն՝գիտենք այնքան, որքան մյուսների մասին։  Յուրաքանչյուրը գիտի իր ծնողներին, պապերին, հարևաններին, այն, ինչ պահպանել է սերունդների հիշատակը։ Այս ամենից ձևավորվում է մեկուկեսմիլիոնանոց զոհի պատկեր, այլ ոչ՝ մեկուկեսմիլիոնանոց սխրանքի կամ դավաճանության։ Մնացած ամեն ինչ այս փաստի դիմաց անկարևոր է․խիզախ զորավարներն ու սուրբ վարդապետները զոհված գյուղացիների, տնային տնտեսուհիների ու երեխաների համեմատ աննշան մաս են կազմում։ 

Հենց դա էլ պետք է տեսնենք։ Սրբադասության գործիքի օգնությամբ, որը եկեղեցական մանկավարժության ոչ լիարժեք, բայց հզոր գործիք է, մարդկությունը սուրբ է անվանում անմեղ զոհերի։ Հայ Առաքելական եկեղեցին մեզ ասում է՝ բոլոր անմեղ զոհվածները մահացել են հանուն Քրիստոսի։ Եվ դա փոխում է մեր ողջ տեսադաշտը: 

Զոհի  տեսանկյունից

Բոլորս հիշում ենք Բրոդսկու նոբելյան ելույթում հնչեցրած խոսքերն այն մասին, որ իրական ողբերգության մեջ վախճանվում է ոչ թե հերոսը, այլ՝ երգչախումբը: Ես երբեք նրա հետ համաձայն չեմ եղել։ Ողբերգության մեջ վախճանվում է հերոսը, իսկ երգչախումբը վաճխանվում է սպանդի ժամանակ։ Երբ սկսում են սպանել երգչախմբին, դա արդեն ողբերգություն չէ, այլ՝ ինչ-որ նոր բան։ Այդ նորը դեռևս որևէ կերպ չի իմաստավորվել։

Հյուծված մարդը,  ճամբարային «մահմեդականը», սովից մահացող հայ երեխան չեն կարող դառնալ ողբերգության հերոսներ։ Հայտնի է, որ ողբերգության հերոսը գործում է, այլ ոչ՝ տառապում։ Կատարսիսի է ենթարկվում լսարանը, ոչ թե նա: 

Քրիստոնեական ողբերգության հերոսը, լինի դա Համլետը կամ Ժիվագոն, իր տառապանքով մաքրում է մյուսներին։ Իսկ Հայ Առաքելական եկեղեցին բոլորովին նոր քայլ է անում։ Ասում է՝ իր տառապանքով մյուսներին մաքրում է զոհը։ Նա, ով տառապում է, այլ ոչ՝ նա, ով գործում է։ Ոչ միայն նա, ով գործում է։

20-րդ դարում ստեղծվել են նոր պայմաններ, որոնց չեն հապատասխանում սրբության նախկին չափորոշիչները։ Չեն համապատասխանում նաև բոլոր նախորդ բարոյական չափանիշները․ընդ որում, բարին ու չարը, բնականաբար, մնում են անփոփոխ, ու մենք բոլորս, որ ապրել ենք ամբողջատիրության օրոք, դա լավ գիտենք։ 

Ամբողջատիրությունը ստեղծում է աննախադեպ պայմաններ, երբ զոհ դառնալը չափազանք հեշտ է։ Հենց այդպես է բացահայտվել զոհի դերը մարդկության պատմության, աշխարհի կերտման, փրկության մեջ։  Օսվենցիմն անցած Պրիմո Լևին մահվան ճամբարն անվանում է հսկայական մարդաբանական փորձ։ Իսկ ի՞նչ է այդ փորձը ցույց տալիս։ Այն, ինչ ցույց է տալիս Մեծ Եղեռնը՝ որ մարդուց չի կարելի խլել զոհ դառնալու հնարավորությունը։ Եվ ինչպես երկրաչափության մեջ՝ երբ անկյունների գումարը հավասար չէ 180 աստիճանի, դա այլևս եռանկյուն չէ, նույն ճշգրտությամբ կարելի է ասել՝ հետամբողջատիրական աստվածաբանության մեջ այն, ինչից կարելի է խլել զոհ դառնալու հնարավորությունը, այլևս homo sapiens չէ։ 

Այստեղ պատասխանում ենք հարցին, որի շուրջ մարդկությունը երեք հազար տարի մտորել է։ Սկզբում միայն աստվածաշնչյան մարդկությունը, միայն Իսրայելը, ապա՝ քրիստոնյաները, հրեաներն ու մահմեդականները, այնուհետև՝ փիլիսոփաներն ու բոլոր համոզմունքների մշակույթի մարդիկ։ Մենք բոլորս անդադար նույն հարցն էինք տալիս՝ ո՞րն է Աստծո պատկերը մարդու մեջ։ Բերդյաևն ասում է՝ կերտելու ունակությունն ու ազատությունն է։ Երկուսն էլ հրաշալի երևույթներ են, սակայն թե մեկը, թե մյուսը, օրինակ, մահվան ճամբարում կամ անապատով քայլող հայերի մոտ խիստ սահմանափակ էր։ Այսօր տեսնում ենք՝ որքան էլ որ հրապուրիչ է բերդյաևյան (ու նմանատիպ այլ) այս սահմանումը՝ այն կիրառելի չէ։ Կարելի է շատ այլ որակներ մտածել, որոնցով մարդը նման է Աստծուն, ու այդ ամենը մարդուց կարելի է խլել։ 

Զոհ լինելու հնարավորությունը, սակայն, չի կարելի, և հենց դա է մեզ կապում Աստծո հետ։ Նա դրոշմը մեզ վրա զոհն է։ Այս իսկ պատճառով այն սուրբ է։

Սրբադասություն՝ ինչու, ում համար, երբ 

Արժե, հավանաբար, մի քանի խոսք ասել սրբադասման նշանակության մասին։ Շատերը հիշում են Գեորգի Ֆեդոտովի խոսքերը՝ «սրբադասումը տեղի չի ունենում երկնքի համար. այն երկրի համար է»։ Աստված լավ գիտի՝ ով է սուրբ, ով՝ ոչ։ Աստծո համար, ամենայն հավանականությամբ, սուրբ է նա, ում մասին ոչ ոք չէր մտածի։ 

Կարելի է ենթադրել, որ սրբության մասին Աստծո պատկերացումները չեն համապատասխանում մարդկայիններին։ Բայց դրանք՝ այդ պատկերացումները, մեզ հայտնի չեն։ Իսկ ահա սրբադասությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մշակույթի մաս։ Ռուս սրբերի առաջին բառարանի վերաբերյալ Պուշկինն ասել է, որ մեզ մոտ հետաքրքրասիրության զարմանալի բացակայությունը բերում է նրան, որ մարդիկ ոչինչ չգիտեն այն անձի մասին, ում անունը կրում են և ում տարին երկու անգամ տոնում են։ Այնուամենայնիվ, դա իսկապես այդպես է․ յուրաքանչյուր մարդի ինչ-որ կերպ կոչվել է, ու կոչվել է սրբի պատվին։ Ոչ թե այն սրբի, որի մասին ոչ ոք չգիտի, որը սուրբ է Աստծո համար, այլ՝ սրբի, որն անցել է սրբադասության, փառաբանության գործընթացի միջով։ Ուղղափառության մեջ այդ գործընթացը եկեղեցու ուսմունքի ամենահզոր գործիքն է։ Եկեղեցին, հիմնականում՝ ոչ կաթոլիկ կամ բողոքական, այլ այնպիսին, ինչպիսիք են, ասենք, Հայ Առաքելականը կամ Ռուս Ուղղափառը, այսինքն՝ լռակյաց եկեղեցիները, սրբադասության միջոցով խոսում է հավատացյալ ժողովրդի ու նույնիսկ ողջ հասարակության հետ։ 

Ու դա միշտ այդպես է։ Եթե նայենք սրբադասության՝ վերջին հինգ հարյուր տարվա պատմությանը, ապա կտեսնենք, որ եկեղեցին, այս կամ այն սրբին փառաբանելով, ցանկանում է աշխարհականներին ինչ֊որ բան ասել։ Օրինակ, որ այսօր կարևոր է կրթել հյուսիսային ժողովուրդներին՝ սրբադասվում է Սուրբ Ստեփանոս եպիսկոպոսը Պերմից, ով գիր չունեցող կոմի ժողովրդի համար ստեղծում է գիր ու թարգմանում աստվածապաշտական գրքերը՝ այդ ժողովրդին ռուսիֆիկացնելու փոխարեն։ Նրան սրբադասելով՝ եկեղեցին ասում է՝ ուղղափառությունը բաց է յուրաքանչյուր ազգի համար, ու ժամերգությունը մորդովերեն, չուվաշերեն ու կոմիերեն նույնքան հարուստ է, որքան՝ հունարեն։ Որոշ առումներով դա նույնիսկ հակասում է պետության քաղաքականությանը։ Այդպիսին է եկեղեցական ուսմունքը։ 
Վերջին հինգ հարյուր տարին, սակայն, եկեղեցու կյանքի ամենաստեղծագորական շրջանը չէր։ Այս ընթացքում, երբ եկեղեցին ողջ աշխարհում այլևս այնքան էլ ազդեցիկ չէ, մշակվել են որոշ առօրյա սկզբունքներ, հատկապես՝ կաթոլիկ եկեղեցու կողմից՝ բեատիֆիկացիա, հրաշքների մասին վկայություններ, սրբադասություն։ 

Նահատակների դեպքում դա մի փոքր այլ տեսք ունի, և երբ Հովհաննես Պողոս Երկրորդը մեր աչքի առաջ սրբերի շարքին դասեց Օսվենցիմում մահացած Մաքսիմիլիան Քոլբիին, որպես վկա ներկայացավ մի մարդ, ում այդ սուրբը փրկել էր։ Պատմական փաստն ընդունվեց որպես հրաշք․և սա մեկն է այն նոր ժամանակի ու նոր աստվածաբանության առաջին նշաններից, որոնց մասին խոսում եմ։ 

Առանց հրաշքների

Գոյություն ունեն, սակայն, կամ, ավելի ճիշտ, մինչև վերջերս գոյություն ունեին սրբադասության որոշակի անփոփոխ պայմաններ։ Մարդը պետք է առանձնանար ճիշտ հավատքով։ Ոչ միայն արդար մահը, այլև արդար կյանքը պետք է ծառայեր որպես օրինակ։ Այդպես էր դարաշրջանում, որը հենց նոր մեր աչքի առաջ ավարտվեց։ Վերջին կայսեր սրբադասման դեմ գլխավոր փաստարկը, որ տեսել եմ, նրա կասկածելի հարաբերություններն էին բալետի պարուհի Կշեսինսկայայի հետ երիտասարդ տարիքում։ Այդ փաստն ինձ վայրենաբարո է թվում այն ֆոնին, թե հետագայում նրա հետ ինչ արեցին, սակայն եկեղեցական մարդկանց մտքին առաջին հերթին սա է գալիս։

Եվ ահա, եթե հայ նորահատակների դեպքում խոսենք տարրական կենցաղային արդարակեցության մասին, ապա մեկուկես միլիոն մարդը կազմում է մարդկային մեղքերի ու սխրանքների մի ամբողջ ներկապնակ։ Մեկուկես միլիոնի մեջ չեն կարող չլինել շնացողներ, գողեր֊ավազակներ ու ճշմարիտ արդարակյացներ։ Ինչպես տեսնում ենք, Հայ Առաքելական եկեղեցին նրանց միջև տարբերություն չի դրել ու սրբադասել է բոլորին։ Ինչ վերաբերում է նրանց մահվանը, բավական է միայն նշել՝ ինչպես է Արմին Վեգները՝ Մեծ Եղեռնի ականատեսներից մեկը, նկարագրում, թե նրանք ինչպես էին մահանում։ Եղել են նաև արդար մահեր․ եղել են մարդիկ, ովքեր մահացել են աղոթքը շուրթերին, մահացել են՝ ուրիշին տալով իրենց հացը։ Բայց եղել են նաև սարսափելի դեպքեր, որոնք դժվար է նկարագրել խոսքերով։ Բռնության միջոցով գազանության հասցված մարդիկ՝ խելագարված սովից ու ահից, չեն կարող մահանալ գեղեցիկ ու հոժարակամ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, մեր պատկերացումներով նողկալի մահը նրանց սրբադասման համար խոչընդոտ չեղավ։ 

Կարելի՞ է արդյոք ցեղասպանության դեպքում ակնկալել, ինչպես ընդունված էր անցյալում, հրաշալի բժշկություններ գերեզմանի վրա, սուրբ մասունքների հրաշագործ ուժ։ Այս հարցն առաջանում է նաև ռուս նորանահատակների ու մարտիրոսների դեպքում։ Բուտովոյում թաղված է օրինակելի քրիստոնյա նահատակների հսկա բազմություն, ովքեր հրաժարվել են թողնել իրենց հավատքն ու երես թեքել Քրիստոսից, և սպանվել այդ պատճառով։ Բայց նրանց ոսկորները խառնված են, ծածկված կիրով, կեղտով՝ գերեզմանի վրա ի՞նչ հրաշքների մասին է խոսքը։ Եթե Բուտովոյի աղբավայրում տեղի ունենա բժշկություն, դուք երբեք չեք իմանա դա տեղի է ունեցել շիրիմին սրբի, թե նրանից անմիջապես հետո գնդակահարված քննիչի հպումից։ Ռուս Ուղղափառ եկեղեցին դրա վերաբերյալ հատուկ որոշումներ է ընդունել։ Բայց արդար մահը, նահատակի մահը շարունակում է մնալ, մինչ օրս մնում էր, ցանկացած սրբադասման անհերքելի պայման։ 20֊րդ դարում սպանվածների կյանքը սովորաբար հենց այդպես էլ ավարտվում է՝ գնդակահարության պահին նա ներում է իր դահճին ու աղոթում նրա համար։ Չկան հիմքեր կարծելու, որ դա այդպես չէր։ Երբեմն դա նկարագրվում է ականատեսների կողմից․ արդեն 1920֊ական թվականներին գաղթականների մամուլում հայտնվում էին, օրինակ, նման վկայություններ․«Մահապատժի բերված Աթանաս աբեղան ծնկի իջավ, աղոթեց, խաչակնքվեց ու, բարձրանալով ոտքի, օրհնեց իր առջև զենքը ձեռքին կանգնած բոլշևիկին»։ Սակայն  մեր սպանվածների մեծամասնության մասին նույնը չենք կարող ասել, քանի որ նրանց մահվան մասին ոչինչ չգիտենք։ 
Տեսնում ենք, Հայ Առաքելական եկեղեցին իրեն թույլ է տվել արհամարհել նաև մասունքներից հրաշքներ, կամ պարզապես մասունքներ պահանջող պայմանը։ Դա ցեղասպանությունը հերքող թուրքերի գլխավոր փաստարկներից մեկն է․նրանք սիրում են կրկնել, որ ոչինչ չի եղել, քանի որ չկան զանգվածային գերեզմաններ։  Դրանք իսկապես չկան․ ամբողջ անապատը, Եփրատն էր վերածվել զանգվածային գերեզմանի։ Ոչ ոք երբեք նրանցից բժշկություններ չի ակնկալել, անթաղ ոսկորները սրբապղծորեն դիտարկել որպես սուրբ մասունքներ։ 

Մենք՝ ներհայողներս

Ի՞նչ էր տեղի ունենում մեր աչքի առաջ։ Հայ Առաքելական եկեղեցին, որն այդ ավանդույթները մեզանից լավ գիտի, որը մեկուկես հազար տարի է` չի դավաճանում իր ավանդույթներին ու որի պահանջներն այնքան խիստ էին, որ վերջին հինգ հարյուր տարվա ընթացքում ոչ ոքի չէր սրբադասել, իրենց թույլ տվեց մերժել բոլոր պայմանականությունները։ Բարեպաշտ վարդապետները դրանց չէին համապատասխանում։ Իրենց հավատքի համար պարսիկների կամ թուրքերի կողմից տանջամահ եղած կայսրերը բավականաչաթ սուրբ չէին։ Ու հանկարծ այն սրբադասում է ին-որ կեղծաբարո մարդու։ Կամ ինչ֊որ բժիշկ Համբարձումյանի՝ թերահավատ ու նյութապաշտ, ում նամակներից հայտնի է, որ նա հավատքի վրա ծիծաղում էր ու դա համարում սնոտիապաշտություն։ Հայ Առաքելական եկեղեցին, սակայն, սրբերի շարքին է դասում ոչ միայն անհավատների ու մեղսագործների․ այն սրբադասում է նաև կաթոլիկների, որոնց թիվը սպանվածների շարքում հասնում էր տասնյակ հազարավորի։ Բայց դա էլ ամենը չէ․ սրբերի շարքին են դասվել նաև դավանափոխները, օրինակ, բողոքական քարոզիչները։ 1900֊ական թվականներին Օսմանյան կայսրության հայկական հողերում շատ ակտիվ էր բողոքական եկեղեցու քարոզը, ու բազմաթիվ մարդիկ հասուն տարիքում դավանափոխ եղան՝ ընդունելով բողոքականություն։ 

Հավատուրացի սրբադասումն արդեն տասներորդ աստիճանի ապշեցուցիչ է։ Մեկը, ում, ընդհանրապես, պետք է արտաքսել համայնքից, ում հետ չպետք է ամուսնանալ, բարևել։ Եվ ահա այդ մարդուն հայտարարում են սուրբ։ 
Շշմեցնողն այն է, որ այդ քայլը դեպի նոր եկեղեցական պատմություն արել է ոչ քաղկեդոնական եկեղեցին, այսինքն եկեղեցի, որը տեսականորեն ընդունում է մարդկային բնության թերարժեքությունը, մերժում Քրիստոսի երկու` աստվածային ու մարդկային էությունների հավասարությունը։ Հենց այդ եկեղեցին է առաջինը համարձակվել հայտարարել, որ այդ մարդիկ սուրբ են, քանի որ զոհ են։ Նրանց թիվը մեկուկես միլիոն է, ու դա բացառում է ճշմարիտ հավատքի հնարավորությունը՝ ուղղափառ, կաթոլիկ, բողոքական… ցանկացած։ Մենք նրանց մասին ավելին իմանալ չենք կարող․ միայն այն, որ նրանց զոհ են։

Ի՞նչ է դա մեզ համար։ Կարծում եմ՝ մարդկությունը չի կարող անտարբեր մնալ մեկուկես միլիոն մարդու սրբադասման նկատմամբ։ Եվ այն, որ այդ արարողությանը ներկա էին ութսուն քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ, նույնպես վկայում է այն մասին, որ սա աննախադեպ երևույթ է, նման որևէ բան պատմության ընտացքում չի եղել։ 
Կհակադարձեք, որ սա քաղաքականություն է․ այո, իհարկե, սակայն քաղաքականությունը քաղաքականություն, բայց այդ պատարագի բոլոր մասնակիցները դոգմատիկ առումով լրջագույն ռիսկի էին դիմում։ Ուղղափառներն ու կաթոլիկները միմյանց հետ անգամ չեն հաղորդվի, էլ չեմ ասում քաղկեդոնական ու ոչ քաղկեդոնական եկեղեցիների համատեղ աղոթքի մասին։ Բայց դա տեղի ունեցավ։ 

Ու կոտրում է որոշ պատեր։ Այդ սրբադասությունն այնպես է տպավորել քնկոտ ու փոքրոգի համաշխարհային եկեղեցական հանրությանը, որ այն արթնացել է։ Այն որոշել է գալ, համարձակվել է համերաշխություն ցույց տալ։ 
Յուրաքանչյուր մարդ, անգամ՝ եկեղեցուց հեռու, պետք է իմանա, որ իր կողքին կա սուրբ, կյանքում գոնե մի անգամ նրան տեսել է։ Սրբության մշակութային ներկայությունը մեծապես փոխում է մարդկության կյանքը։ Մեր կյանքն այլևս նույնը չի կարող լինել, քանի որ պարզվեց, որ մեզանում կան բազմաթիվ սրբեր։ Նրանք, այսպես ասած, ապրում են մեզ հետ։ Այժմ գիտենք, որ Հայաստանում սրբերն ավելի շատ են, քան՝ կենդանի մարդիկ։ Յուրաքանչյուր ընտանիքում կա մի քանի սուրբ, ոչ՝ մեկ։ Որպես հավատացյալ մարդ՝ ես հավատում եմ, որ նրանք այդ երկրի, հայ ժողովրդի կյանքը կարող են փոխել դեպի լավը, նրանք կօգնեն, նրանք կպաշտպանեն։ 

Ես բոլորովին չեմ ձգտում այդ հավատն ընդհանուր դարձնել։ Անկախ հավատքից, սակայն, մենք ապրում ենք մարդկության վրա ծանր բեռի պես գոյացած ընդհանուր գիտակցությամբ՝ մենք անհամար ցեղասպանությունների և ստրատոցիդների հանցակից ենք։

Դա այդպես է նաև հիմա։ Մենք ապրում ենք մեր կյանքով, իսկ այդ ժամանակ Սիրիայում սպանում են մարդկանց․ իսկ պետությունները, որոնք ի վիճակի են դա դադարեցնել, ոչինչ չեն դադարեցնում։ Մենք նրանք ենք, ում մասին պատերազմի տարիներին գրում էր Նելլի Սակսը․ «Դուք ներհայողներ եք, ում աչքի առաջ սպանում էին…»։

Հավանաբար, մենք պետք է համաձայնեինք այն գերմանացի մտավորականների հետ, ովքեր գիտակցաբար հրաժարվել են երեխա ունենալուց․ գերմանացիներ, նրանք կարծում են, չպիտի լինեն։ Սակայն ինչ տարբերություն՝ ես գերմանացի եմ, թե՝ ոչ, եթե չեմ միջամտել, ոչինչ չեմ արել, ես կրում եմ պատասխանատվություն մի բանի համար, ինչն անտանելի է։ Ու, հետևաբար, մենք չպիտի լինենք։ 

Այն, ինչ արեց Հայ Առաքելական եկեղեցին, մեզ թույլ է տալիս վերջ տալ մարդկության վրա գոյացած այդ անելանելի անեծքին։ Այո, հայերի համար իրենց սպանվածներին սրբադասելն ավելի հեշտ էր, քան՝ Կամբոջայի կաթոլիկ եկեղեցու, որի սպանվածների մեծամասնությունը բուդդիստ էր, այլ ոչ՝ կաթոլիկ։ Այնուամենայնիվ, նրանից հետո, երբ Հայկական եկեղեցին սրբադասեց կաթոլիկներն ու բողոքականներին, դրա մասին արդեն կարելի է մտածել։ Կարելի է մտածել բոլոր զոհերին ուղղված խոնարհման, սիրո, աղոթքի ձևի մասին։ Ու դա մեզ թույլ է տալիս դուրս 20֊րդ դարի վերջի իրավիճակից։ Դուրս գալ եվրոպական քաղաքակրթության՝ ամբողջատիրական ռեժիմներով, ցեղասպանություններով ու ստրատոցիդներով պայմանավորված համատարած դեպրեսիայից։ Առաջին անգամ ոչ միայն տեսականորեն երևակայվել է, այլև՝ արվել է քայլ, որը կարելի է հակադրել 20֊րդ դարի մղձավանջին։ Պետք է, միանգամայն անհրաժեշտ է երեխաներ ունենալ ու նրանց սովորեցնել աղոթել այդ մարդկանց համար։ Մեզ հնարավորություն է ընձեռնվում ապաշխարելու, մաքրվելու․ իսկ դրա նշանակում է՝ ապրելու և ստեղծագործելու։

Tekali Taxi