Հայաստանում կնոջ իրավունքների սահմանափակումը հաճախ արտահայտվում է առաջին հայացքից սովորական համարվող և հաճախ չնկատվող գործողությունների մակարդակում: Այս մասին ասված է Աղասի Թադևոսյանի «Գենդերային անհավասարություն և առօրյա պրակտիկաներ. հիմնախնդիրներ և մարտահրավերներ» հետազոտության մեջ։ Որպես հետազոտական թիրախ հեղինակն ընտրել է տարածական, ժամանակի կազմակերպման, հագուստի, ուտեստի, խոսքի փոխանակության պրակտիկաները։ Հետազոտության արդյունքները ներկայացնում ենք համառոտ․
Ա. Գենդերային անհավասարությունը տարածական պրակտիկաներում։
Կինը տարածության մեջ տեղաշարժվելու հարցում լիովին կախված է տղամարդու կամքից և տան սահմաններից դուրս ցանկացած տեղաշարժ նա պարտավոր է իրականացնել տղամարդու թույլտվությամբ։ Շատ դեպքերում այդ վերահսկողությունն իրականացվում է հոգատարության անվան տակ։ Մարզային բնակավայրերում հանրային տարածքներում կանանց միայնակ հայտնվելը համարվում է պախարակելի մի բան և դառնում է խոսակցության ու քննարկումների առարկա հարևանության, բարեկամների, ծանոթների ու ընկերների միջավայրում։ Աղջիկների վարքի սահմանափակումները կապվում են հիմնականում հոր և եղբոր տղամարդկային պատվի հանդեպ աղջկա պատասխանատվության զգացումի հետ։ Դա աղջկա սեռային ինքնության ու վարքի վրա ազդող առանցքային գործոններից է։
Հատկանշական է, որ Հայաստանում կան տարածքներ, որոնք համարվում են հիմնականում տղամարդկային։ Որպես կանոն կանայք հանրային տարածներում հավաքատեղիներ չունեն։ Նրանց հիմնական հավաքատեղին համարվում է բակը կամ տան տարածքը, որտեղ կանայք կարող են հանդիպել և զրուցել «կանացի» թեմաներով, բամբասանք անել և տեղեկություններ փոխանակել։
Բ. Գենդերային անհավասարությունը ժամանակի կազմակերպման պրակտիկաներում։
Գլխավոր սահմանափակումն այն է, որ եթե կինը ունի որոշված ու տղամարդու հետ համաձայնեցված երթուղիներ, ապա այդ երթուղիներով անցնելը և տուն հասնելը սահմանափակված էր որոշակի ժամանակով։ Առանց ամուսնու հետ համաձայնեցնելու, ժամային գրաֆիկի խախտումը կարող էր հանգեցնել հանդիմանանքների, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ֆիզիկական ճնշման ու բռնության։
Ժամանակային մյուս սահմանափակումը վերաբերում է ուշ ժամերի, կամ «մութ» ժամերի հիմնախնդրին։ Աղջիկը «մութ» ժամին պետք է արդեն տանը լինի։
Գ. Գենդերային անհավասարությունը սննդի պրակտիկաներում։
Սննդի կազմակերպման պրակտիկաներում տարբերությունները դրսևորվում են ոչ այնքան կերակուրի տեսակների, այլ` սնվելու ձևերի մեջ։ Հիմնականը, ինչ–որ չի ողջունվում, իսկ որոշ դեպքերում արգելված է կանանց, դա ոգելից խմիչքներն են։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է օղուն։ Օղին համարվում է տղամարդկային խմիչք, իսկ կանացի խմիչքները դրանք լիկյորներն են կամ գինին։ Որոշ դեպքերում նաև կոնյակը։
Կերակուրներից տղամարդկային են համարվում խաշը, խորովածը և քյաբաբը։ Չնայած այդ ամենը ուտում են նաև կանայք։ Պատահական չէ, որ որոշ սննդի հաստատություններ, որոնք որ մասնագիտացված են հատկապես նշված մսային ուտեստների մեջ, հիմնականում տղամարդկային հավաքատեղիներ են։ Խոսքը վերաբերում է խորովածանոցների ու քյաբաբանոցներին։
Կնոջ կողմից հաշիվ փակելը համարվում է տղամարդու պատվի հանդեպ ոտնձգություն, քանի որ ցույց է տալիս տղամարդուց այդ կնոջ անկախությունը։ Նման տղամարդը կարող է արժանանալ շրջապատի զարմացած հայացքներին և նույնիսկ քամահրանքին։
Դ.Գենդերային անհավասարությունը հագուստի պրակտիկաներում։
Առօրեականության պրակտիկաների մեջ հատուկ տեղ ունեն հագուստի պրակտիկաները։ Նախ, շատ հստակ տարանջատված են տղամարդու ու կանացի հագուստները։ Երկրորդը, հատկապես գավառային բնակավայրեւոմ հստակ սահմանված են նաև «նորմալ տղայի» հագուկապի, ոճականության հարցերը։ Օրինակ, շատ նեղ ջինսե շալվարը, կամ գունավոր շալվարները, վառ գույնի վերնաշապիկները, չեն համարվում տղամարդուն վայել։ Նույն կերպ նաև երկար մազեր ունենալը տղամարդկային չի։ Այն տղամարդիկ, ում հագուկապը խախտում է տղամարդու հագուստի ու ոճականության ընդունված սահմանափակումները, կարող են ծաղրվել հագուկապի համար և անվանակրվել որպես «քույրիկ», «ղզիկ» կամ «գոմիկ»։
Ինչ վերաբերում է աղջիկներին ու կանանց, ապա հագուստի հարցում աղջիկները ենթարկվում են հայրերի վերահսկողությանը։ Այդ վերահսկողությունն ավելի ուժեղ է ամուսինների կողմից կանանց հանդեպ։
Եթե աղջիկը նույնիսկ շատ սեքսուալ նեղ շալվար է հագնում, ապա հոր թույլտվությունը համարյա միշտ պարտադիր է։ Այստեղ ըստ էության, կարևորը ոչ այնքան այն է, որ կանացի հագուստը լինի համեստ և նրա սեքսուալությունը թաքցնող, այլ` այն, որ համապատասխանի այն ձևերին, ինչը որ համարվում է ճիշտ հագուստի ձև։
Ե. Գենդերային անհավասարությունը խոսքի փոխանակման պրակտիկաներում
Ավանդական կենսակերպին հակված միջավայրերում բնորոշ է կնոջը խոսքից զրկելու, կնոջ խոսքը սահմանափակելու կամ կնոջ խոսքը խոսք չհամարելու պրակտիկաները։ Հետազոտության ընթացքում գրանցված նյութերը վկայում են տարբեր դեպքեր կնոջ խոսքի վրա սահմանափակումներ դնելու։ Շատ դեպքերում, կնոջ հանդեպ տղամարդու բռնության կիրառման պատճառը դառնում է՝
֊ տղամարդու խոսքին չհնազանդվելը,
֊ տղամարդու խոսքի ճշմարտացիությունը վիճարկելը։
֊ տղամարդկանց խոսակցությանը խառնվելը
֊ սեփական կարծիքը հայտնելը։
Զ. Գենդերային անհավասարությունը առօրյա աշխատանքներում։
Առօրյա կյանքում հստակ տարբերակումներ կան տղամարդու և կանանց աշխատանքների միջև։ Այսպես, տղամարդկանց աշխատանք է համարվում այն ամենը, ինչ–որ կապված է բնակարանի, կահույքի, սանտեխնիկայի, հոսանքի, վերանորոգման խնդիրների հետ։
Նույն կերպ նաև կան կանացի գործեր, որոնցում տղամարդու ներգրավվածությունը համարվում է անթույլատրելի։ Օրինակ, ափսեներ լվանալը, լվացք անելն ու լվացք փռելը, հատակները լվանալը, անկողինները հավաքելը, ճաշ պատրաստելը, սեղան գցելն ու հավաքելը ու էլի մի շար գործեր, որոնք համարվում են կանացի։