Home / Հայաստան / Ձախողված հանրաքվեից հետո ԱԺ֊ում առաջարկում են փոխել օրենքը

Ձախողված հանրաքվեից հետո ԱԺ֊ում առաջարկում են փոխել օրենքը

ՀՅԴ խմբակցությունն Ազգային ժողովում առաջարկել է փոխել «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և այն համապատասխանեցնել ընտրական օրենսգրքին:

Օրինագիծը ներկայացրել է դրա համահեղինակ, ՀՅԴ֊ական Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտություն կա այնպես անել, որպեսզի ավելանա «ոչ» քվեարկողների կարծիքը հաշվի առնելու հնարավորությունը, մինչդեռ գործող օրենքով «այո» քվեարկողների կարծիքն ավելի մեծ կարևորություն ունի:

Նախագիծը, մասնավորապես, առաջարկում է գաղտնիություն ապահովելու համար հանրաքվեները ևս անցկացնել քվեածրարներով, ինչպես արվում է ընտրությունների ժամանակ: Օրինագծի հեղինակներն առաջարկում են նաև 10 անգամ մեծացնել հանրաքվեների անցկացման ֆինանսավորումը, քանի որ, ի տարբերություն ընտրությունների, հանրաքվեների ժամանակ չկան կուսակությունների վստահված անձիք։ Առաջարկներից մեկն է՝ ավելի շատ դիտորդներ ներգրավել հանրաքվեների անցկացման ընթացքում:

Նախագծի համահեղինակ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծիք է հայտնել, որ հանրաքվեների արդյունքները պետք է օրենքի ուժ ունենան և պարտադիր կիրառման ենթակա լինեն: Հիշեցնենք, որ գործող Սահմանադրությամբ՝ համայնքների խոշորացմանը վերաբերող հանրաքվեները չունեն օրենքի ուժ, այլ միայն խորհրդատվական նշանակություն:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ «ոչ» կամ «այո» քվեարկողները պետք է մինչ հանրաքվեն հեռուստաեթեր ստանան` բացատրելու իրենց դիրքորոշումը, ինչպես դա անում են կուսակցություններն ընտրարշավներում:

Նշենք, որ երկու օր առաջ Հայաստանի երեք մարզերում համայնքների խոշորացման վերաբերյալ հանրաքվե անցկացվեց, որը առնվազն երկու մարզերում ձախողվեց՝ չափազանց ցածր մասնակցության պատճառով։ Չմասնակցելու պատճառներից մեկն էլ այն էր, որ իշխանությունները մինչև հանրաքվեի անցկացումն արդեն հայտարարել էին, որ «ոչ» պատասխանի դեպքում այն կարող է հաշվի չառնվել։

Tekali Taxi