Home / Հայաստան / Գետի ջրի գույնը և որակը փոխվել են․ գյուղապետը պնդում է՝ անալիզները դրական են

Գետի ջրի գույնը և որակը փոխվել են․ գյուղապետը պնդում է՝ անալիզները դրական են

Արագածոտնի մարզի գլխավոր գետի` Քասախի աջակողմյան վտակներից մեկը՝ Գեղարոտը, հոսում է Արագած համայնքի միջով: Այս և հարակից հինգ գյուղերի մշակովի հողատարածությունները սնող Գեղարոտ գետի ջրի գույնը վերջին տարիներին փոխվել է, բնակիչների պնդմամբ՝ փոխվել է նաև գետի ջրի որակը, aarhus.am կայքում գրում է Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող Նատալյա Մանուկյանը։

Մայիսի 15-ին Օրհուս կենտրոնի համակարգողի՝ Արագած համայնք այցելության և բնակիչների հետ հանդիպման ժամանակ գյուղացիները մտահոգություն են հայտնել՝ ասելով, որ գետի ջուրը, որը ժանգագույն երանգ ունի, բացասաբար է ազդում այդ ջրով ոռոգվող հողերի և մշակաբույսերի աճի վրա:

Բնակիչներին հետաքրքրում էր, թե որն է գետի ջրի գույնի փոփոխության պատճառը և ջրի բաղադրության մեջ ինչ նյութեր են պարունակվում, որ փոխում են ոչ միայն ջրի, այլև հատակային նստվածքների` տիղմի, ավազի, գլաքարերի գույնը:

Գյուղացիներից ոմանք գետում կատարվող այս փոփոխությունները, ինչպես և նախկինում, կապեցին գետի վրա գործող երկու փոքր ՀԷԿ-երի հետ:

Օրհուս կենտրոնի համակարգողը խոստացել է խնդրի առնչությամբ հարցում ուղղել պետական համապատասխան կառույցներին և ստացված հավաստի տեղեկատվությունը տրամադրել համայնքի ղեկավարությանը և բնակիչներին:

Խնդրի վերաբերյալ ecolur.org֊ը զրուցել է Արագած համայնքի ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանի հետ: Նրա կարծիքով՝ գետի ջրի գույնը պայմանավորված է ձյան հալոցքի հետ:

«Գարնան այս ամիսներին ձյան հալոցքից գետի ջրի գույնը փոխվում է: Ձյան տակ գտնվող հողային շերտը ձյան հալոցքի ժամանակ լվացվում է և լցվում է գետը: Այս ամիսներին միշտ այդպես է»,- ասել է Հենրիկ Հովհաննիսյանը:

Հարցին, այս տարիների ընթացքում երբևէ իրականցվե՞լ է Գեղարոտի ջրի լաբորատոր անալիզ, Հովհաննիսյանը պատասխանել է, որ և՛ նախկին համայնքապետի կողմից, և՛ տարածքում գտնվող երկու ՀԷԿ-երի տնօրինության կողմից իրականացվել է գետի ջրի որակի լաբորատոր անալիզ: Արդյունքում նշվել է, որ վտանգավոր ոչինչ չկա:

Հենրիկ Հովհաննիսյանի խոսքով՝ այս տարի ևս, համայնքապետարանի միջնորդությամբ, ջրի որակի ստուգման նպատակով անալիզներ են ուղարկվել: Պատասխանը կլինի մոտ օրերս: Համայնքապետը դժվարացավ նշել, թե կոնկրետ որտեղ են ուղարկվել անալիզները, միայն ասաց, որ միշտ տարբեր կառույցների են ուղարկվել:

«Եթե ես իմանամ, որ մի փոքր խնդիր կա, ես պատրաստ եմ կանգնել ժողովրդի կողքին», ֊ասել է գյուղապետը:

Tekali Taxi