Գլխավոր / Տեսանյութեր / Հավակնում ենք տեսանելի ապագայում ստանձնել Հայաստանի իշխանությունը․ Փաշինյան

Հավակնում ենք տեսանելի ապագայում ստանձնել Հայաստանի իշխանությունը․ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը դառնում է կուսակցություն, որը չի պատրաստվում մնալ ընդդիմության կարգավիճակում և հավակնում է տեսանելի ապագայում, ժողովրդի վստահության քվեն ստանալով, ժողովրդի անունից ստանձնել Հայաստանի պետական իշխանությունը։ Այս մասին այսօր կուսակցության առաջին համագումարի ընթացքում հայտարարել է նախաձեռնության հիմնադիրներից մեկը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Իշխանափոխություն իրականացնելու միջոցներից մեկը, ըստ բանախոսի, ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելն է․ այդ տիպի ընդդիմությունն ընտրությունների ժամանակ կկարողանա պաշտպանել ժողովրդի քվեն՝ յուրաքանչյուր ընտրատեղամասում ունենալով առնվազն 3 վստահված անձ:

Փաշինյանը նշել է, որ ստեղծվող կուսակցության առաջնահերթություններից մեկը Հայաստանի զարգացման գործում համայն հայության ներգրավվածության խթանումն է։ Նրա խոսքով՝ եթե նորանկախ Հայաստանի առաջին քսան տարիները եղել են արտագաղթի տարիներ, առաջիկա քսան տարիները պետք է լինեն ներգաղթի տարիներ, Հայաստանի բնակչությունը պետք է կրկնապատկվի, և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը պետք է լինի հպարտություն դրա կրողների և երազանք՝ սփյուռքահայերի համար:

Փաշինյանն ընդգծել է նաև, որ նորաստեղծ կուսակցությունում բացառվելու է սուպերլիդերության գոյությունը, և կուսակցությունը ոչ միայն դե յուրե, այլ նաև դե ֆակտո պետք է կառավարվի կոլեգիալ սկզբունքով։

Ընդդիմության պատասխանատվության մասին խոսել է նախաձեռնության անդամ Արայիկ Հարությունյանը՝ ասելով, որ քաղաքակիրթ երկրներում կուսակցություններն իրենց գործունեության հաշվետվությունն են ներկայացնում ժողովրդին՝ անկախ նրանից, թե իրենց գործողությունները հաջողությամբ, թե անհաջողությամբ են պսակվել: Անհաջողությունների դեպքում լիդերները հրաժարական են տալիս՝ չբացառելով կուսակցության գործունեությանը շարքային անդամի կարգավիճակով մասնակցությունը:

Հատված Նիկոլ Փաշինյանի ելույթից․

Tekali Taxi