Այսօր կեսգիշերից հետո խոշոր ավտովթար է գրանցվել Լոռու մարզում, որի հետևանքով զոհվել է 7 մարդ։ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը 00։39-ին ահազանգ է ստացել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում առանց պետհամարանիշների «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և բռնկվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են չորս 22-ամյա, երկու 24-ամյա և մեկ 21-ամյա երիտասարդներ։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է զոհվածների անունները։ Նրանցից 6 Տաշիր քաղաքի բնակիչներ են՝ Վանիկ Մարդոյան, Կարեն Խաչատրյան, Գևորգ Պողոսյան, Արման Տոնոյան, Գասպար Ղուկեյան, Վահագ Ալբերտյան, մեկը՝ Երևանի բնակիչ է Արթուր Բալյանը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները հրդեհը մարել են 01։33-ին։ Ավտոմեքենան (5 զոհով) տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոնի տարածք: Արդեն առավոտյան՝ 09։00֊ի սահմաններում, հրշեջ-փրկարարները մասնատել են ավտոմեքենան, դուրս բերել դիակները և փոխանցել դիահերձարանի աշխատակիցներին։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավել մարդու մահ։