Home / Հայաստան / Քննադատությունից զերծ գոտի՝ Եվրոպական խաղերին ընդառաջ․ լրագրողի մուտքն Ադրբեջան արգելվել է

Քննադատությունից զերծ գոտի՝ Եվրոպական խաղերին ընդառաջ․ լրագրողի մուտքն Ադրբեջան արգելվել է

«Սպորտը մարդու համար» հարթակի բրիտանացի ակտիվիստ, Red Pepper ամսագրի համախմբագիր Էմմա Հյուզը նախորդ գիշեր բերման է ենթարկվել Բաքվի օդանավակայանում։ Սահմանապահ ծառայությունն արգելել է նրա մուտքը երկիր՝ չնայած Հյուզի՝ Բաքվում հունիսի 12֊ին մեկնարկելիք Եվրոպական խաղերը լուսաբանելու հավատարմագրմանը։ Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ, լրագրողին հայտնել են, որ իր անունը ներառված է անցանկալի անձանց «կարմիր ցուցակի» մեջ։ Ինչպես հայտնի է դարձել գործակալության թղթակցին, հունիսի 10֊ի առավոտյան Հյուզն արտաքսվել է։

Platformalondon.org կայքը հաղորդում է, որ վերջին շաբաթների ընթացքում Հյուզն ակտիվ արշավ է անցկացնում «Սպորտը մարդու համար» հարթակի շրջանակում, որի նպատակն է ուշադրություն հրավիրել Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության վրա։

«Ինձ բերման են ենթարկել Ալիևի ռեժիմի հրամանով և, հավանական է, որ կարտաքսեն։ Լրագրողները, իրավաբանները, գիտնականները, գրողներն ու ակտիվիստներն այս երկրում հայտնվել են ճաղերի հետևում։ Այս երկրի ապագան ինքնին կալանավորված է, իսկ «British Petroleum»֊ը մինչ օրս համագործակցում է այս ռեժիմի հետ»,֊ գործընկերների հետ հեռախոսազրույցում ասել է Հյուզը։

«Բաքվի օդանավակայանում Էմմային բերման ենթարկելու փաստը վրդովեցուցիչ է։ Ադրբեջանի իշխանությունները մի ամբողջ կարողություն են ծախսել եվրոպական խաղերի վրա, ամբողջ աշխարհին հրավիրել են մասնացկելու այդ ներկայացմանը։ Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ, չնայած արտերկրում երկրի դրական կերպարին նպաստելու փորձերին, այդ փայլի ու գլամուրի հետևում թաքնված է ավելի դաժան իրականություն։ Իշխող ռեժիմը թաքցնելու բան ունի, երբ խոսքը վերաբերում է երկրում մարդու իրավունքների իրավիճակին»,֊ հայտարարել է հարթակի մեկ այլ անդամ Ռեբեքա Վինսենթը։

Բաքու իրենց այցը ստիպված են եղել չեղյալ հայտարարել նաև «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները։

Այցը, որը նախատեսված էր «Ադրբեջան․ Ճնշումներ Եվրախաղերի ֆոնի վրա» թեմայով ճեպազրույց անցկացնելու համար, չեղյալ է հայտարարվել այն բանից հետո, երբ հունիսի 9֊ի ուշ երեկոյան Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունը հայտարարել է, որ «Ադրբեջանը ներկա պահին ի վիճակի չէ ընդունել Amnesty International֊ին»։

«Խորապես հեգնական է, որ այդ միջոցառումը չեղյալ է հայտարարվել այն պահին, երբ երկրում քննադատական ձայները պարբերաբար ճնշվում են Եվրոպական խաղերին ընդառաջ։ Երկրի իշխանությունները հուսահատորեն փորձում են Եվրախաղերի շուրջ քննադատությունից զերծ գոտի ստեղծել»,֊ ասել է «Amnesty International»-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը։

Կազմակերպությունն ընդգծում է, որ վերջին տարվա ընթացքում Ադրբեջանի լրագրողները, իրավապաշտպանները, ընդդիմության անդամներն ու երիտասարդ ժողովրդավարական ակտիվիստները ենթարկվել են ակտիվ հետապնդումների, ձերբակալությունների ու խոշտանգումների։ Այլախոհության նկատմամբ այս ճնշումները Եվրոպական խաղերին ընդառաջ միայն ուժեղացել են։ Ադրբեջանում ներկայումս կա առնվազն 20 խղճի գերի, որոնք կալանավորվել են խոսքի ազատության իրենց իրավունքի իրականացման պատճառով։ Նրանցից ոմանք մեղադրվել են խարդախության ու հարկերից խուսափելու, թմրանյութերի պահման, խուլիգանության ու անգամ պետական դավաճանության մեջ։

Երկրում անկախ ԶԼՄ֊ներ գրեթե չկան, իսկ իշխանություններին պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող թերթերն ու հեռուստաալիքներն օգտագործվում են իշխանությունների գործողությունների արդարացման համար։ Այս ամենը թույլ է տալիս իշխանությունների չարաշահումներն անպատիժ թողնել, ֊ ասված է «Amnesty International»֊ի հայտարարության մեջ։  

Tekali Taxi