Home / Հայաստան / Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը գտնվում են առանձին խցում

Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը գտնվում են առանձին խցում

Հունիսի 16-ին Տեղաբաշխման հանձնաժողովը կքննարկի քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի դիմումը՝ իրեն և ընկերներին առանձին խուց տեղափոխելու վերաբերյալ: Այս մասին ասել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։ Նրա խոսքով՝ հացադուլ հայտարարած Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը գտնվում են առանձին խցում՝ բժիշկների հսկողության տակ։

Ավելի վաղ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ հայրը և նրա ընկերը՝ քաղբանտարկյալ Վարդան Վարդանյանը, հացադուլ են սկսել՝ առանձին խուց տեղափոխվելու պահանջով։

Այս հայտարարությունից հետո հացադուլ անող քաղբանտակյալներին այցելել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հանդիպումից հետո ֆեսյբուքյան իր էջում փոխանցել է զրույցի մանրամանսերը։

«Շանթ Հարությունյանն իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում և կարծում է, որ դրանք բխում են ԱԱԾ վերնախավից, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանից: Վարդան Վարդանյանը հացադուլ է հայտարարել` ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի:

Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը հունիսի սկզբին, իրենց դատավճիռներն ուժի մեջ մտնելուց հետո տեղափոխվել էին «Վարդաշեն» ՔԿՀ կիսաբաց ռեժիմային գոտի և մինչև հացադուլ հայտարարելը գտնվել են այնտեղ: Ներկայումս նրանք գտնվում են հացադուլավորների մենախցերում», – մասնավորապես, գրել է Փաշինյանը։

Պատգամավորը armtimes.com կայքին է փոխանցել Շանթ Հարությունյանի հայտարարությունը.

«Դիմել եմ «Վարդաշեն» ՔԿՀ պետին, որպեսզի ինձ և ընկերներիս տեղափոխեն բանտախուց, քանի որ ռուսական ԿԳԲ-ն ՀՀ ԿԳԲ-ի իր գործակալների միջոցով ուզում է ինձ սպանել, մասնավորապես՝ գեներալ Արզուման Հարությունյանը, ով ոչ միայն ռուսական, այլեւ Ադրբեջանի ԿԳԲ-ի գործակալ է, և գիտի, որ ես տեղեկություն ունեմ այդ մասին:

Ելնելով վերը գրվածից՝ համոզված եմ, որ ինձ սպանելու վտանգը մինիմալի կհասցվի, եթե ես իմ երկու ընկերների հետ կալանքս կրեմ բանտախցում: Եթե նույնիսկ սպանվեմ, ընկերներս կիմանան, իսկ մյուս կալանավորները անտեղի չեն տուժի: Շանթ Հարությունյան»:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ժամանակ, Շահեն Հարությունյանը՝ «Freedom to Shant Harutyunyan and all political prisoners of Armenia» (Ազատություն Շանթ Հարությունյանին և Հայաստանի քաղբանտարկյալներին) պաստառը ձեռքին, վազել է խաղադաշտ։

Շանթ Հարությունյանը և նրա 12 ընկերները մեղավոր են ճանաչել 2013 թվականի նոյեմբերի 5-ին ակցիա անցկացնելու ընթացքում խուլիգանություն անելու մեջ: Ալբերտ Մարգարյանը և Վահե Մկրտչյանը նաև մեղավոր էին ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:

Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Ալբերտ Մարգարյանը նույնպես 6 տարի էր ստացել, Վահե Մկրտչյանը՝ 7 տարի, Լիպարիտ Պողոսյանը՝ 5 տարի, Ավետիս Ավետիսյանին՝ 5 տարի, Վարդան Վարդանյանը՝ 5 տարի, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Ալեք Պողոսյանը՝ 4 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարի, Միսակ Միքայելյանը տուգանվել է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Պետրոսյանն ու Մնացականյանն արդեն ազատության մեջ են։

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, բայց դատարանը վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 4 տարվա փորձաշրջան:

Դատապարտյալները չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթի ընթացքը խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկաններն իրենք են հրահրել ընդհարումը։ Մի շարք տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական ուժեր Հարությունյանին և ընկերներին ճանաչել են քաղբանտարկյալ:

Tekali Taxi