Home / Հայաստան / ՄԻԵԴ֊ը բավարարեց փախստականների հայցերն ընդդեմ Հայաստանի և Ադրբեջանի

ՄԻԵԴ֊ը բավարարեց փախստականների հայցերն ընդդեմ Հայաստանի և Ադրբեջանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ վճիռներ է կայացրել ղարաբաղյան հակամարտության արդյունքում տուժած և ՄԻԵԴ դիմած երկու հայցերով՝ երկու դեպքում էլ բավարարելով դրանք:

«Չիրաղովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով ՄԻԵԴ-ը պատասխանող երկրներից պահանջել է վերականգնել փախստական քաղաքացիների խախտված իրավունքները:

Մինաս Սարգսյանը Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ է, նա ՄԻԵԴ էր դիմել 2006 թվականին։ Գործի քննության ընթացքում Սարգսյանը մահացել է, և գործին հետևում են նրա կինը և զավակները։ Սարգսյանի պահանջը կապված էր իր գույքի տիրապետման իրավունքի ոտնահարման, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման, հայերի նկատմամբ Ադրբեջանում խտրական վերաբերմունք դրսևորելու, Ադրբեջանում հայկական գերեզմանները ոչնչացնելու և հայերին իրավական պաշտպանությունից զրկելու հետ։

ՄԻԵԴ֊ի որոշման համաձայն, հայ փախստականի իրավունքը խախտվել է՝ Ադրբեջանում իր սեփականությանը հասնելու անհնարինության պատճառով, ինչը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով։

«Չիրաղովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով Լաչինի շրջանի նախկին բնակիչներ Էլհան և Ադշիրին Չիրաղովները, Ռամիզ Ջաբրայիլովը ընդդեմ Հայաստանի հայց են ներկայացրել՝ նշելով, թե ղարաբաղյան հակամարտության ժամանակ՝ 1992 թվականի մայիսի 17-ին, լքել են Լաչինի շրջանը: Հայցում նրանք նույնպես նշել էին, որ հնարավորություն չունեն վերադառնալ իրենց բնակավայր, տնօրինել իրենց պատկանող գույքը, որի համար էլ Հայաստանի Հանրապետությունից փոխհատուցում էին պահանջում։

ՄԻԵԴ-ը բավարարել է նրանց հայցը՝ նշելով, որ տվյալ դեպքում էլ խախտվել է սեփականության պաշտպանության իրավունքը, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և իրավական պաշտպանության հասնելու արդյունավետ միջոցի իրավունքները։

ՄԻԵԴ֊ը փոխհատուցման հարցի մասին որոշում չի կայացրել՝ կողմերին 12 ամիս ժամանակ տալով խնդրի շուրջ համաձայնության գալու համար։

Անդրադառնալով վճռին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում ուշագրավ առանձնահատկություն է նշում․ «ՄԻԵԴ-ը նաև ճանաչել է, որ նշված տարածքի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունը: Սա այն դեպքում, երբ 2014 թվականի սկզբին կայացած դատական լսումների ժամանակ հայաստանյան կողմը շեշտել է, որ այդ տարածքների վերահսկողությունն իրականացնում է ԼՂՀ-ն և կոչ է արել հայցն ուղղել վերջին իշխանություններին»:  

Tekali Taxi