Home / Տեսանյութեր / Ազատության հրապարակից բերման ենթարկվածներին ազատեցին (թարմացված)

Ազատության հրապարակից բերման ենթարկվածներին ազատեցին (թարմացված)

01:15 Չնայած բերման ենթարկվածներին բաց են թողել ոստիկանության բաժնից, Ազատության հրապարակի մոտակայքում նստացույցի մասնակիցների նկատմամբ որսը շարունակվում է: Քիչ առաջ Epress.am-ի լրագրողը ականատես է եղել, թե ինչպես քաղաքացիական հագուստով 4 անձ հետապնդել են Ազատության հրապարակից դուրս եկող արվեստագետ Արթուր Պետրոսյանին: Երբ նրանցից մեկը թիկունքից ընդհուպ մոտեցել է Պետրոսյանին, մի քանի քաղաքացիներ վազել են նրանց մոտ, և անհայտ անձից պահանջել ներկայանալ, ինչը վերջինս չի արել: Հարցին, թե արդյոք նա ոստիկան է, քաղաքացիական հագուստով մարդը նույնպես չի պատասխանել, ու հեռացել է: Դեպքի վայրից հեռացել են նաև Պետրոսյանին հետապնդող մյուս մարդիկ:

Նշենք, որ Ազատության հրապարակի շրջակայքում բազմաթիվ համազգեստավոր ոստիկաններ կան, ինչպես նաև քաղաքացիական հագուստով անհայտ անձիք, ովքեր հաճախ մոտենում են ոստիկաններին ու զրուցում նրանց հետ:

00:15 Ազատության հրապարակից բերման ենթարկված Անտոն Իվչենկոյին և Հայկ Սարգսյանին բաց են թողել ոստիկանության Կենտրոնի բաժնից: Մինչ այդ նրանց այցելել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Արագ արձագանքման խմբի երկու ներկայացուցիչներ: Իվչենկոն և Սարգսյանը ոստիկանության բաժնում հրաժարվել են որևէ ցուցմունք տալ կամ որևէ փաստաթուղթ ստորագրել: Բերման ենթարկվածներին բաժնում պահել են երկու ժամ, որից հետո բաց են թողել` նշելով, որ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում և հետագայում կորոշի` արդյոք 185-րդ հոդվածի հատկանիշներով քրգործ կհարուցվի, թե` ոչ: 

23.20.Անտոն Իվչենկոն իր ընկերներից մեկին փոխանցել է, որ իրեն բերման են ենթարկել քրօրի 185-րդ հոդվածի` գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելու կասկածանքով: Իվչենկոյի խոսքով` իրեն և Հայկ Սարգսյանին հարցեր են տալիս միմիայն անվադողերի վերաբերյալ` ասելով, թե ոստիկանությունը բողոք է ստացել առ այն, որ անվադողերը հրկիզելու հետևանքով ինչ-որ գույք է վնասվել: 

Epress.am-ի լրագրողները ակցիայի ընթացքում կանգնած են եղել այն վայրում, որտեղ անվադողերով մարդիկ են եղել, սակայն Անտոն Իվչենկոն և Հայկ Սարգսյանը հանրահավաքի ողջ ընթացքում անվադողեր չեն ունեցել: 

22.46. Քաղաքացիական հագուստով մոտ 2 տասնյակ անձիք Ազատության հրապարակի հարակից տարածքից բերման են ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի մասնակցիներ Անտոն Իվչենկոյին և Հայկ Սարգսյանին։

Ինչպես Epress.am֊ին փոխանցել է ակցիայի մանսակիցներից մեկը, 22։00֊ի սահմաններում Սարյանի պուրակում Իվչենկոյին և Սարգսյանին մոտեցել են քաղաքացիական հագուստով անձիք և առանց ներկայանալու և բացատրության երիտասարդներին փորձել են ուժով տաքսի նստեցնել։ Նրանց ընկերները պահանջել են ներկայանալ, որից հետո քաղաքացիական հագուստով անձանցից մեկը ցույց է տվել ոստիկանության գնդապետի վկայական։ Իվչենկոյին և Սարգսյանին տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին։

Epress.am֊ի թղթակիցները փոխանցում են, որ Ազատության հրապարակի հարակից տարածքներում բազմաթիվ ոստիկաններ և նրանց ուղեկցությամբ քաղաքացիական հագուստով անձիք են շրջում, կանգնած են ջրցան մեքենաներ։

Epress.am֊ի հետ զրույցում ակցիային ներկա «Իրազեկ քաղաքացինաերի միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պատմել է, որ 21։30-ի սահմաններում ինքը կնոջ հետ մոտեցել է Սայաթ-Նովա պողոտայում կայանած իր մեքենային։ Այդ պահին նրանց մի քանի օպեր֊լիազորներ են մոտեցել և պահանջել են մեքենայով գնալ դեպի Կենտրոնի ոստիկանության բաժին։ Իոաննիսյանի խոսքով՝ դրանք այն օպեր֊լիազորներն են եղել, որոնց ինքը լուսանկարել էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի ընթացքում։ Իոաննիսյանը պահանջել է հիմքեր ներկայացնել, թե ինչու են իրենից պահանջում բաժին գնալ, ոստիկաններն ասել են, որ Իոաննիսյանի մեքենան գտնվում է հետախուզման մեջ։

ՀԿ֊ի ծրագրերի համակարգողը ոստիկանների ներկայությամբ զանգահարել է իրավապաշտպան Արթուր Սաքունցին և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ նրանց պատմելով տեղի ունեցածի մասին։ Արթուր Սաքունցը դեպքի վայր է ժամանել, մոտեցել Իոաննիսյանի մեքենային, որից հետո ոստիկաններն ասել են, թե մեկ նիշով շփոթել են մեքենային համարը։

Tekali Taxi