Գլխավոր / Տեսանյութեր / «Սերժիկ, հեռացիր», «Ոչ թալանին»․ Ցուցարարները կրկին Բաղրամյանում են (ՎԻԴԵՈ)

«Սերժիկ, հեռացիր», «Ոչ թալանին»․ Ցուցարարները կրկին Բաղրամյանում են (ՎԻԴԵՈ)

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողներն այսօր կրկին Ազատության հրապարակից շարժվել են դեպի Բաղրամյան պողոտայի սկզբնահատված ու հանդիպել ոստիկանական պատնեշին։ 21։00-ի դրությամբ մարդիկ դեռ քննարկում էին հետագա անելիքները՝ կանգնած մնալով ոստիկանների դիմաց։

18։00-ին Ազատության հրապարակում հավաքվելով՝ մարդիկ մեկ անգամ սկսել են շարժվել դեպի Բաղրամյան, այնուհետև նորից վերադարձել հրապարակ, սակայն քիչ անց կրկին գնացել այնտեղ։ Այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից ցրել էր նստացուցավորներին, սակայն այսօր նույն հատվածում հազարավոր մարդիկ են հավաքվել։ Ավանդական «Ոչ թալանին» վանկարկման հետ մեկտեղ, այսօր հավաքվածները մի քանի անգամ վանկարկել են «Սերժիկ, հեռացիր»։

Ինչպես և երեկ, նրանց դիմաց այսօր մի քանի շարքով ոստիկաններ են կանգնած, նրանց թիկունքում ջրցան մեքենաներ, զրահամեքենաներ։

Ժամը 18։00-ի սահմաններում, երբ ցուցարարները դեռ հավաքվում էին Ազատության հրապարակում, Epress.am֊ի լրագրողը տեսանկարահանել է, թե ինչպես են ոստիկանները Բաղրամյանի վրա պատրաստվում երթի ճանապարհը փակելուն։