Home / Հայաստան / Քաջալերող ու պատասխանատու, բայց մտահոգիչ․ ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Բաղրամյան պողոտայի ջարդին

Քաջալերող ու պատասխանատու, բայց մտահոգիչ․ ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Բաղրամյան պողոտայի ջարդին

Հունիսի 22-ի երեկոյան հոսանքի գների թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների և ոստիկանների պատասխանատու ու ընդհանուր առմամբ հարգալից վերաբերմունքը քաջալերող էր, ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։

«Խոսքի ու հանրահավաքների ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմնարար իրավունքներն են և մեզ համար ուրախալի էր տեսնել, որ երկու կողմերն էլ գործում էին հարգելով այս իրավունքներն ու զերծ մնալով լարվածության սրումից:

Սակայն մենք մտահոգված ենք հունիսի 23-ի առավոտյան ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքներում տեղ գտած բռնությունների մասին հաղորդումներով: Բացի դա, մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ գործողության իրականացման ընթացքում հատուկ թիրախ են հանդիսացել լրագրողներն ու նրանց սարքավորումները: Հրամայական է, որ կառավարությունը ՀՀ օրենսդրության շրջանակում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին հաղորդումների ամբողջական ու թափանցիկ քննություն անցկացնի», ֊ նշում է ԱՄՆ դեսպանությունը:

Ընդգծենք, որ ոստիկաններն անհամաչափ ուժի կիրառմամբ դաժանորեն ցրել են Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցներին՝ ծեծելով, հայհոյելով մարդկանց, կոտրելով լրագրողների տեսանկարահանող սարքերը։

Tekali Taxi