Home / Տեսանյութեր / Միայն ՀԷՑ֊ը չէ մեղավոր․ Կրեմլի ճնշման տակ արված սխալների մասին

Միայն ՀԷՑ֊ը չէ մեղավոր․ Կրեմլի ճնշման տակ արված սխալների մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 250 միլիոն դոլար վարկ է վերցրել և չի կարողացել փակել դա․ ընկերությունը պետք է դատարանով սնանկ ճանաչվեր, սակայն դա չի արվում, քանի որ Հայաստանի Հանրապետությունն է եղել այդ վարկի երաշխավորը։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ նշելով, որ այդ ամենը երևում է պաշտոնական փաստաթղթերից։ 

Պողոսյանի խոսքով՝ այս և նման այլ հանգամանքներ կան, որոնք թույլ չեն տալիս էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման մեջ մեղադրել միայն ՀԷՑ֊ին։ Նա նշել է, որ Հայաստանի իշխանություններն անհեռատես քաղաքականություն են վարում էներգետիկայի ոլորտում, որը համարվում է ամենակարևոր ոլորտը՝ «հացը ողջ տնտեսության»։  
   
Էլեկրաէներգիայի սակագնի բարձրացման իշխանությունների վկայակոչած հիմնական երկու պատճառներից (սակավաջրություն, դրամի արժեզրկում) բացի, կա ոչ պակաս կարևոր երրորդ պատճառ․ Պողոսյանի կարծիքով՝ դա ՋԵկ֊երի արտադրած էներգիայի չափի վերաբաշխումն է։ 

«2015 թվականի տվայլներով՝ Հայաստանի էլետրաէներգիայի մոտ 37%֊ն արտադրում են ՋԷԿ֊երը։ Երևան ՋԷԿ֊ը շատ էժան արտադրանք է տալիս, քանի որ լավ ՋԷԿ է և քանի որ աշխատում է իրանական, այսինքն՝ էժան գազով։ Անցյալ տարի Կառավարությունը Կրեմլի ճնշման տակ որոշեց 30 տոկոսով կրճատել Երևան ՋԷԿ֊ի արտադրանքը և նույնքանով ավելացնել Հրազդանի ՋԷԿ֊ինը, որը ռուսական գազով է աշխատում։ Մեր իշխանություններն այդ պայմանագիրը կնքել են 40 տարով»,֊ ասել է Արմեն Պողոսյանը։ 
 
Փորձագետի հավաստմամբ՝ իշխանությունները նաև չեն զբաղվում ատոմակայանով, որի  աշխատանքի վերջնաժամկետը 2004 թվականն էր, հետագայում այն երկարաձգվեց, սակայն արդեն 2015 թվականն է՝ նոր ատոմակայանի կառուցման մասին միայն պաշտոնական խոստումներ կան։ 

«Երբ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին եկավ Հայաստան, նա ասաց, որ  Հայաստան է գալու նաև Ֆրանսիայի էներգետիկայի նախարարության պատվիրակությունը։ Հայաստանը նրանց չընդունեց։ Կկառուցեին լավ որակի ատոմակայան, ստացված էներգիայով այդ  ծախսերի պարտքը կտայինք, մեզ կմնար ատոմակայանը», ֊ ասել է Պողոսյանը։ 

Նա հիշեցրել է նաև, որ Հայաստանն առանց էլեկրաէներգիայի օրեր արդեն տեսել է․ «Ես շատ կուզեմ, որ իմ կանխատեսումները սխալ լինեն, բայց եթե այսպես շարունակվի, այդ  օրերը վերադառնալու են»։ 

 
Tekali Taxi