Home / Տեսանյութեր / Էլէներգիայի գինը․ սակավաջրությունից ՀԷԿ֊երի աշխատանքը չի տուժել, պնդում է բնապահպանը

Էլէներգիայի գինը․ սակավաջրությունից ՀԷԿ֊երի աշխատանքը չի տուժել, պնդում է բնապահպանը

Անցյալ տարի տեղումների քանակն ընդամենը 2 սմ-ով է պակաս եղել, սակայն Սևանա լճից բաց է թողնվել թույլատրելիից երկու անգամ ավել՝ 340 միլիոն խորանարդ մետր ջուր : Այս մասին Epress.am-ին հայտնել է բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը՝ նկատելով, որ Սևանի բացթողման հաշվին, անցյալ տարվա սակավաջրությունը գետերի հոսքի ծավալի վրա այդքան մեծ ազդեցություն չի ունեցել, որպեսզի կանգնեցվեր որևէ ՀԷԿ-ի աշխատանք:

Բնապահպանը հիշեցրել է, որ Կառավարությունն անցյալ տարի որոշում է կայացրել մեծացնել Սևանից բաց թողնվող ջրի քանակը՝ Արարատյան դաշտավայրում գյուղատնտեսական կարիքների համար ջուր մատակարարելու հիմնական պատճառաբանությամբ։ Բացթողումը մեծացրել է նաև գետերի հոսքը, որոնց վրա կան ՀԷԿ-եր: Արդյունքում՝ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը նախորդ տարվա հունվարի 1-ի համեմատ 9 սանտիմետրով նվազել է։

Նշենք, որ 7 դրամով էլէներգիայի սակագնի բարձրացման պաշտոնական հիմնավորումներից մեկը սակավաջրությունն է, որի հետևանքով ՀԷԿ֊երը քիչ էլէներգիա են արտադրել․ այդ մասին սակագնի բարձրացման որոշումը կայացնելուց առաջ հայտարարել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը։

«Այլ գետերի վրա (ոչ Սևանից սնվող֊խմբ․) գործող ՀԷԿ-երի աշխատանքը ևս այդքան էլ չի տուժել անցյալ տարի: Մասնավորապես, Եղեգիս գետի վրա կա 12 ՀԷԿ, որոնք թեև Սևանից բաց թողնող ջրից չեն օգտվել, անխափան աշխատել են: Բանն այն է, որ Կեչուտի ջրանբարից պետք է Արփա-Սևան թունելով ջուրը ուղղվեր դեպի Սևան, սակայն այդ ջուրը լցվել է Եղեգիս գետը: Դա տեսել եմ ոչ միայն ես, այլև բազմաթիվ լրագրողներ», – ասել է Քնարիկ Հովհաննիսյանը: 

Tekali Taxi