Home / Հայաստան / Ժամկետը լրացել է․ նաիրիտցիները վերսկսում են ակցիաները Կառավարության մոտ

Ժամկետը լրացել է․ նաիրիտցիները վերսկսում են ակցիաները Կառավարության մոտ

«Նաիրիտ» ընկերության նախկին աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց՝ հիշեցնելով, որ աշխատավարձի պարտքը մարելու վերջնաժամկետը լրացել է երեկ՝ հուլիսի 15-ին։

Ինչպես Epress.am֊ին ասել է «Նաիրիտի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը, աշխատակիցները տեղում որոշել են, որ վերսկսելու են իրենց բողոքի ացկիաները՝ թույլ չտալով մոռանալ իրենց մասին։

«Այս եղանակին նստացույց անելը նպատակահարմար չհամարեցինք, որոշեցինք ամեն օր 2 ժամով հավաքվել Կառավարության շենքի դիմաց։ Մանավանդ, որ սկսվել է գործարանի կողմից պահանջված՝ աշխատավարձերի ուշացման համար տուգանքներից հրաժարվելու հայտարարագրերի ստորագրման գործընթացը»,֊ ասել է Անուշ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նաիրտիցիներին հունիսի 7-ին ասել էր, որ ամբողջական աշխատավարձի պարտքը կվճարվի մինչև հուլիսի 15-ը։ Գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ նաիրտցիները աշխատավարձը ամբողջապես կստանան երեք օրվա ընթացքում, եթե ստորագրեն տույժերից հրաժարվելու մասին հայտարարությունները։

Անուշ Հարությունյանի խոսքով՝ ուշացման տույժերը հաշվելու դեպքում նաիրիտցիներին պետք է վճարվի ոչ թե 15 միլիոն դոլար, այլ՝ 30 միլիոն: Աշխատակիցների մի մասը որոշել է հրաժարվել տույժերից՝ ստորագրելով համաձայնագրերը, մյուս մասը չի պատրաստվում հրաժարվել հասանելիք գումարից։

Tekali Taxi