Home / Տեսանյութեր / Պայթյունից տուժած բնակիչները «Գազպրոմ֊Արմենիա»֊ից փոխհատուցում են պահանջում

Պայթյունից տուժած բնակիչները «Գազպրոմ֊Արմենիա»֊ից փոխհատուցում են պահանջում

Գազի խողովակի պայթյունից տուժած, Արարատի մարզի Այնթափ համայնքի բնակիչ Արտակ Պետրոսյանն իր ընտանիքի անդամների հետ այսօր բողոքի ակցիա է արել Կառավարության շենքի մոտ։ Պետրոսյանը պնդում է, որ ինքն ու ընտանիքի 8 անդամները տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել, կորցրել են իրենց տունը, ապրում են վարձով, սակայն դատավարությունը ձգձգվում է․ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հրաժարվում է բնակարանի համար փոխհատուցում տալ։

«2 տարի անօթևան․ Գազպրոմ Արմենիայից պահանջում ենք արդարացի փոխհատուցում», «Գազպրոմ Արմենիայի պատճառով 8֊հոգանոց ընտանիքը մնացել է փողոցում» պաստառներով ընտանիքը Կառավարության շենքի մոտ այսօր արդար դատավարություն է պահանջել։

Epress.am֊ի հետ զրույցում Պետրոսյանն ասել է, որ գազատարն իրենց տան բակում պայթել է 2013 թվականին, մինչ դա իրենք գազի սպասարկման ծառայությունից մարդկանց են հրավիրել, որոնք խոստացել զբաղվել խնդրով, սակայն այդպես էլ չեն արել դա։

«Արդեն ապացուցված է, որ անօրինական, բոլոր նորմերին դեմ է այդ գազատարը կառուցվել։ Բոլոր փորձաքննությունները շուտվանից կան։ «Գազպրոմ Արմենիան» պատասխանատվությունից փախնելու համար կրկնակի փորձաքննություն է պահանջում»,֊ ասել է Արտակ Պետրոսյանը։

Վերջինս նշում է, որ «Գազպրոմ֊Արմենիան» մեկ անգամ արդեն 3 միլիոն դրամ է իրենց տվել, բայց դա խնդրի լուծում չէ, քանի որ այդ գումարով հնարավոր չէ բնակարան գնել։ Պետրոսյանն այժմ որպես փոխհատուցում բնակարան է պահանջում։

Նա ասել է, որ դատարանը չի քննում իրենց քաղաքացիական հայցը, չնայած ավելի վաղ պահանջել էր այն կցել քրեական գործին, որի քննությունը ևս ձգձգվում է։

«Մինչև այժմ քրեական հայցն անգամ վարույթ չի ընդունվել։ Ում որ պետք է մեղադրանք առաջադրեին, չեն առաջադրել։ Մի քանիսի նկատմամբ վաղեմության ժամկետ են կիրառել, ազատել են։ Կառավարությունից մի քանի անգամ վարձի (բնակարան վարձելու համար ամսական 60 հազար դրամ֊խմբ․) գումար են տվել, բայց դա հարցի լուծում չի։ Իրանք կարան «Գազպրոմ Արմենիայի» սանձերը քաշեն, որ մարդկանց չտրաքացնեն»,֊ ասել է Արտակ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ նախագահականից էլ պատասխանում են, որ նախագահն ի պաշտոնե չի կարող միջամտել դատական գործին։

Tekali Taxi