Home / Հայաստան / Ոստիկանության պատասխանն ապացուցում է՝ Բաղրամյանի նստացույցը ցրելն ապօրինի էր․ Իոաննիսյան

Ոստիկանության պատասխանն ապացուցում է՝ Բաղրամյանի նստացույցը ցրելն ապօրինի էր․ Իոաննիսյան

Հունիսի 23-ին ոստիկանության կողմից Բաղրամյանի նստացույցը ցրելը հատուկ տեխնիկայի, այդ թվում՝ ջրցան մեքենաների օգնությամբ, հակասում է Ոստիկանության մասին օրենքին։ Այդ օրենքով արգելվում է խաղաղ, չարտոնված ակցիայի ցրումը նման միջոցներով, եթե այդ գործողությանը չեն մասնակցում Ոստիկանության զորքերի ծառայողները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նա նշել է, որ իրենց ՀԿ-ն հարցում է արել ոստիկանություն և այսօր պատասխան է ստացել, որով ոստիկանությունը տեղեկացրել է, թե հունիսի 23-ի ոստիկանության գործողությանը մասնակցել են Երևանի վարչությանը ենթակա բաժինները, ՊՊԾ գունդը, ուղեկցող գումարտակի ծառայողները:

«Փաստորեն, Ոստիկանության զորքերը չեն եղել: Ոստիկանության զորքերի դեպքում հատուկ տեխնիկա կիրառելու արգելք չկա՝ խաղաղ, սակայն ոչ արտոնված ակցիաների ժամանակ: Սա բացահայտ օրենքի խախտում է, եթե ընդհանրապես ուժի կիրառման համաչափությունը կարելի է քննարկել։ Այստեղ ամեն ինչ շատ պարզ է»,- ասել է Իոաննիսյանը:

ՀԿ֊ի համակարգողը նշել է, որ Ոստիկանությունը Բաղրամյանի նստացույցին առնչվող հարցումներին սկսել է օրենքով սահմանված ժամկետների խախտումներով պատասխանել, ինչը հավանաբար պայմանավորված է նրանով, որ այդ կառույցն իրականում պատասխաններ չունի, և նաև, կադրային փոփոխություններով. Մասնավորապես, իրավաբանական վարչության նոր պետի պաշտոնում՝ Հովհաննես Քոչարյանի նշանակմամբ:

Նշենք, որ հունիսի 23-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել 237 անձի, այդ թվում՝ անչափահասների և ավելի քան 10 լրագրողների: Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել միայն լրագրողների մասով:

Tekali Taxi