«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալված է և գտնվում է ԱԱԾ մեկուսարանում է, գրում է Aravot.am֊ը։
Կայքի տեղեկություններով՝ Տիգրան Առաքելյանին ձերբակալել են ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու և հրապարակելու համար: ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը Aravot.am֊ի հետ զրույցում հաստատել է Առաքելյանի ձերբակալության մասին լուրը: Պատճառների մասին Խաչատրյանը տեղյակ չէր: Նա նշել է, որ տեղյակ է, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածով, որը վերաբերում է շորթման դեպքերին: Այն սահմանում է. «Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա»: