Home / Տեսանյութեր / Հաղթահարել նախապաշարումները․ ծպտյալ հայերը՝ ճանապարհի մեջտեղում

Հաղթահարել նախապաշարումները․ ծպտյալ հայերը՝ ճանապարհի մեջտեղում

Այն մարդիկ, որոնց Թուրքիայի հայ համայնքում «ծպտյալ հայեր» են անվանում, իրենց չեն տեսնում և ոչ մի ճամբարում․ նրանք արդեն մահմեդական թուրքեր չեն, բայց հայերի կողմից էլ լիարժեք չեն ընդունվել։

«Մենք գտնվում ենք մեջտեղում», ֊ Epress.am֊ի հետ զրույցում ասում է Թուրքիայում գործող «Դերսիմ» հայկական միության վարչության անդամ Բիրգյուլ Գյոքթաշը։ Կինը նշում է, որ իսլամացած հայերից շատերը, գտնելով իրենց ինքնությունը, փորձելով բարձրաձայնել, թե իրենք հայ են, խնդիրների են բախվում։ Կանանց համար այդ խնդիրներն ավելի շատ են․ հաճախ ստիպված են մահմեդական ամուսնուց գաղտնի կնքել երեխաներին, թեև այդ գործընթացն էլ միշտ չէ, որ հեշտ է անցնում. Թուրքիայի հայկական եկեղեցիները բարդ ընթացակարգեր են մշակում, որոնք դժվար է հաղթահարել։

Բիրգյուլ Գյոքթաշը Հայաստան է եկել Համահայկական խաղերին մասնակցող թուրքական Դերսիմի պատվիրակության կազմում։ Պատվիրակության ղեկավարները տարիքով մեծ են խաղերի մասնակից մարզիկներից, նրանք Դերսիմ քաղաքից են։ Այդ մարդկանց հիմնական մասը մահմեդական է եղել․ նրանք միայն վերջին տարիներին են իմացել, որ իրականում հայերի ժառանգներ են, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո փոխել են կրոնը փրկվելու համար։ Երիտասարդ մարզիկները հիմնականում Ստամբուլից են, դերսիմցիների ժառանգներ են ու «Դերսիմ» հայկական միության անդամներ են։ Նրանց մեծ մասը հայերեն չի խոսում, դերսիմցիների համար նոր են սկսել հայոց լեզվի դասընթացներ կազմակերպել։

Բիրգյուլ Գյոքթաշ

gyoktas

«Դերսիմ» միության նախագահ Ջեմ Հալավուրթը նշում է, որ սկզբնական շրջանում խնդիրները շատ էին․ իրենց նկատմամբ նախապաշարումներ կային թե՛ հայկական եկեղեցու, թե՛ Թուրքիայի հայ համայնքի պահպանողական հատվածի կողմից։ Ինքը՝ Հալավուրթը, կնքվել է Հայաստանում 4 տարի առաջ, երբ որպես զբոսաշրջիկ էր եկել Երևան։ «Դերսիմ» հայկական միության նախագահի խոսքով՝ Թուրքիայում հայկական եկեղեցում կնքվելը իսլամացած հայերի համար շատ ավելի բարդ է, քանի որ հարկավոր է 6֊ամսյա կրոնական դասընթաց անցել, բացի դա, պետք է համայնքի անդամներից երաշխավորագիր ունենալ։

«Նախկինում նախապաշարումներն ավելի շատ էին։ Համայնքը մեզ չէր ընդունում։ Այժմ ինչ֊որ բաներ փոխվում են, իրավիճակը, մեր հարաբերությունները համայնքի հետ բարելավվում են։ Վերջերս 14 իսլամացած հայեր կնքվեցին Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկում, ու դա կարող է կարևոր կետ լինել նախապաշարումները վերացնելու համար», ֊ ասում է Հալավուրթը։

Ջեմ Հալավուրթ

halavurt

Հայկական եկեղեցում կնքվելը շատերի համար ոչ թե կրոնական, այլ մշակութային նշանակություն ունի, դա հնարավորություն է խոսել հայ լինելու մասին, ինչը նաև նշանակում է, որ մարդիկ բարձրաձայնում են Թուրքիայում առկա խնդիրները, որոնցից է՝ Հայոց ցեղասպանության հետևանքերը հաղթահարելու կարևորությունը։

Եկեղեցում կնքվում են անգամ աթեիստ հայերը, որոնց համար դա համայնքին ինտեգրվելու և պետության դեմ բողոքի ձայն բարձրացնելու միջոց է։ Առանց կնքվելու Թուրքիայում հնարավոր չէ հայկական եկեղեցիներին կից հիմնադրամի գործունեությանը մասնակցել, հաճախել հայկական դպրոցներ։ Հալավուրթը բացատրում է, որ դա կապված է ոչ միայն համայնքի պահանջների, այլ նաև Թուրքիա պետության մեջ ընդունված համակարգի հետ։ Դեռևս 1923 թվականից Թուրքիայում գաղտնի կոդավորման կարգ է գործել հայերի, հրեաների, հույների համար։ Հայերը, մասնավորապես, անցնում էին 2-րդ համարի տակ, բացի դա, Թուրքիայի պետական մարմինները տարբերակում են ոչ թե ազգային, այլ կրոնական փոքրամասնությունները։ Հալավուրթի խոսքով՝ իսլամացած հայերը, այսպես կոչված, 2-րդ համարի տակ կամ որպես քրիստոնյա չեն անցնում, ուստի իրենք չեն կարող միանալ հայկական միություններին, պաշտոնապես մասնակցել հայկական հիմնադրամերի գործունեությանը։ Այդ իսկ պատճառով էլ քրիստոնեություն ընդունելը պարտադիր է դառնում թե հայ համայնքի, թե պետության օրենքների թելադրանքով։

Այս պահին շատ բարդ է գնահատել, թե որքան իսլամացած հայ է բնակվում Թուրքիայում։ «Դերսիմ» հայկական միության անդամները նշում են, որ գնահատականները տարբեր են՝ որոշ աղբյուրներ խոսում են 1.5 միլիոնի մասին, ոմանց հաշվարկներով այդ թիվը հասնում է 6 միլիոնի։ Նրանցից միյան մի փոքր մասն է բացահայտել իր ինքնությունը։ Մասնավորապես, «Դերսիմ» հայկական միությունն այս պահին մոտ 4000 անդամ ունի, ովքեր ընդունել են, որ հայ են։ Հիմնականում դա անում են այն իսլամացած հայերը, որոնք փոքր կենտրոններից տեղափոխվում են Ստամբուլ, որն ավելի առաջադեմ է, և այնտեղ ավելի հեշտ է խոսել նման հարցերի մասին։

Անդրադառնալով հայաստանցիների, Թուրքիայի հայ համայնքի և իսլամացած հայերի միմյանց ընկալման խնդրին Հալավուրթը նշում է, որ ընդհանրապես հայ ժողովրդի տարբեր հատվածներ իրար հանդեպ նախապաշարված են։

«Մեր մասնակցությունն էլ Համահայկական խաղերին հենց այդ նշանակությունն ունի․ մեր երիտասարդները հիմնականում լսում են Հայաստանի մասին, հիմա էլ նրանց բերել ենք, որ իրենց աչքով տեսնեն, պատկերացում կազմեն», ֊ նշում է «Դերսիմ» հայկական միության նախագահը։

Բիրգյուլ Գյոքթաշը, իր հերթին, ասում է, որ իրենք Հայաստանից դրական տպավորություններ ունեն, և միևնույն ժամանակ ընդունում է, որ դա դրսից եկած մարդկանց ընկալում է։ Նա նշում է, որ ինքը վերջին շրջանում տեսել է Հայաստանի ոստիկանության կողմից ժողովրդի դեմ իրագործած բռնության կադրերը, և դա շատ վշտացրել է իրեն։ Տեղյակ է նաև կանանց նկատմամբ բռնության դեպքերի մասին։ Այնուամենայնիվ, պատկերացնումները Հայաստանի քաղաքական վիճակի մասին իրենց միության անդամների կողմից շատ աղոտ են․ լեզու չգիտեն, ինչը խանգարում է լիարժեք պատկեր ստանալուն։ Գյոքթաշը հավելում է՝ ինքը կարող է միայն հույս հայտնել, որ ոստիկանական բռնությունների կամ մարդու իրավունքների խախտումների մասին լուրերի փոխարեն Հայաստանի մասին միայն լավ նորություններ կլսի։

Tekali Taxi