Home / Հայաստան / Կառավարությունը չի ցանկանում խոշոր բիզնեսի համար վճարել թանկացած հոսանքի տարբերության դիմաց

Կառավարությունը չի ցանկանում խոշոր բիզնեսի համար վճարել թանկացած հոսանքի տարբերության դիմաց

Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում խոշոր գործարարների փոխարեն ծածկել օգոստոսի 1-ից բարձրացած էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը (6.93 դրամ)։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հարկավոր է աուդիտորական ընկերություն հրավիրել, որը կվերլուծի կեզրակացնի՝ որքանով է հիմնավոր էլէներգիայի գնի բարձրացումը։

«Մինչև եզրակացության կազմումն այդ ընկերության կողմից կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը», ֊ հայտարարել էր Սերժ Սարգսյանը։

Կառավարության այսօրվա նիստին Հովիկ Աբրահամյանը հետևյալ կերպ է մեկնաբանել Սարգսյանի խոսքերը․

«Շատերը թյուր տպավորություն են ստացել, որ մինչև խորհրդատվության ավարտը կառավարությունը սակագների տարբերության մասով կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլև խոշոր բիզնեսին: Դա այդպես չէ: Կարծում եմ, որ կառավարությունը չէ, որ պետք է ֆինանսավորի նաև խոշոր բիզնեսը: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա վերցնելու ենք սակագնի տարբերությունն ազգաբնակչության համար: Երբ հանրապետության նախագահն արձակուրդից վերադառնա, ես իր հետ նաև քննարկելու եմ ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, ովքեր ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք»:

Բացի դա, այսօրվա նիստին ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով:

««Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը միջազգային համբավ ունեցող խոշոր ընկերություն է, և կարծում եմ, որ նրանց եզրակացությունից հետո մենք առաջ գնալու հիմքեր կունենանք:

Ուզում եմ նաև հիշեցնել, որ ռուսական կողմի հետ համատեղ մենք աշխատում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացվելիք աուդիտի աշխատանքների վրա», ֊ ասել է Աբրահամյանը:  

Tekali Taxi