Home / Տեսանյութեր / Փաստաբանը պնդում է՝ իր դեմ հարուցված քրեական գործն ահաբեկում է

Փաստաբանը պնդում է՝ իր դեմ հարուցված քրեական գործն ահաբեկում է

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի դեմ քննիչի գործողություններին խոչընդոտելու համար հարուցված քրեական գործը վաղ թե ուշ պետք է կարճվի, այլապես դա կլինի բացարձակ աբսուրդ, անգրագիտության դրսևորում: Անդրադառնալով իր դեմ հարուցված գործին Epress.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Հայրապետյանը:

Փաստաբանի դեմ քրեական գործ է հարուցվել «3 անգամ իր պաշտպանյալ Ժուլետա Ամարիկյանի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննությունները խափանելու և փորձաքննության նիստերից մեկի ժամանակ փորձագետներին սադրիչ հարցեր տալու» հիմքով:

«Խոչընդոտել ասելով՝ քննիչը նկատի ունի այն, որ ես միջնորդություններ եմ ներկայացրել՝ պահանջելով փորձագիտական կազմի փոփոխություն, և այդ միջնորդությունը դատախազի կողմից բավարարվել է: Նույնիսկ եթե բավարարված չլիներ, փաստաբանը իրավունք ունի միջնորդություններ անել և դա անելու համար քրեական հետապնդման չպետք է ենթարկվի»,- ասել է Հայրապետյանը:

Մեր զրուցակիցը գտնում է, որ այդպիսով կատարվում է փաստաբանի լիազորությունները խոչընդոտելու հոդվածի հատկանիշներով հանցագործուրթյուն, սակայն չի պատրաստվում բողոքել՝ համարելով, որ անիմաստ է դիմել միևնույն Հատուկ քննչական ծառայությանը և Դատախազությանը:

«Արդեն ցուցմունք են տվել փորձագետները: Ժուլետա Ամարիկյանի գործով քննիչ Լևոն Մելքոնյանը զեկուցագիր է գրել: Ինձ էլ էին կանչել ցուցմունք տալու, ես գրել եմ, որ սա համարում եմ ահաբեկում: Նաև ասել եմ, որ կարող եմ ցուցմունք գրել, սակայն չեմ գրում, քանի որ փաստաբանը չի կարող հարցաքննվել իր փաստաբանական լիազորությունները կատարելուն առնչվող գործով»,- ասել է Հայրապետյանը:

Փաստաբանը նշում է, որ իր դեմ քրեական գործը հարուցվել է օրենքով չնախատեսված հիմքերով:

«Քրեական գործ կարող է հարուցվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի հաղորդման, կամ լրատվամիջոցի հրապարակման հիման վրա: Կամ երբ քննիչը մի գործով զբաղվելիս այլ հանցագործություն է հայտնաբերում, պետք է առանձնացնի այդ գործը: Իսկ այս դեպքում քննիչը «զեկուցագիր» է գրել իր վերադասին, ինչն իր և իր վերադասի հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ է։ Սակայն դա հիմք է հանդիսացել իմ դեմ քրեական գործ հարուցելու համար»,- ասել է Հայրապետյանը:

Նշենք, որ քննիչի գործողություններին խոչընդոտելը Հ օրենսդրությամբ (քր. օրենսգիրք 332 հոդված, 2-րդ մաս) պատժվում է 1-3 տարի ազատազրկմամբ կամ 200-300 հազար դրամ տուգանքով:  

Լուսանկարը՝ 168.am

Tekali Taxi