Home / Տեսանյութեր / ՀՔԾ֊ն որոշեց, որ ոստիկանները սևազգեստ մայրերի նկատմամբ բռնություն չեն կիրառել

ՀՔԾ֊ն որոշեց, որ ոստիկանները սևազգեստ մայրերի նկատմամբ բռնություն չեն կիրառել

Մայիսի 13-ին բանակում զոհված զինվորների մայրերի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից բռնություն կիրառելու առնչությամբ հարուցված քրեական գործը 2.5 ամիս քննությունից հետո կարճվել է Հատուկ քննչական ծառայության կողմից: ՀՔԾ֊ն որոշել է, որ ոստիկանների գործողությունները իրավաչափ են եղել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է 2010 թվականին բանակում զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը:

ՀՔԾ բողոք էին ներկայացրել Ղազարյանն ու 2010 թվականին զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, ում նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կիրառած բռնության փաստը հաստատվել է նաև դատաբժշկի կողմից: Ոստիկանները որդեկորույս մայրերին հեռացրել էին նախագահական նստվայարի դիմացից, որտեղ նրանք բողոքի ակցիա էին անցկանում, քաշքշելով նրանց տարել էին դիմացի մայթ՝ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ: Քրեական գործը հարուցվել էր պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։ 

Իրինա Ղազարյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ՀՔԾ֊ի որոշումն իր համար անսպասելի չէր:

«Հենց գործը հարուցվել էր, ես գիտեի, որ ոչ մեկն էլ չի պատժվելու: Գիտեի, որ մենք պետություն չունենք, արդարադատություն չունենք: Դրական մարդուն սարքում են հանցագործ, իսկ հանցագործին արդարացնում: Սպասեցին մի քանի ամիս, ամառվա շոգին, երբ ոչինչ չի կատարվում, կարճեցին, երբ կրքերը հանգստացել են: Ինչպես իմ որդու գործը կոծկեցին, այնպես էլ սա»,- ասել է Իրինա Ղազարյանը:

Նա հիշեցրել է, որ երբ հրապարակվել է իրենց նկատմամբ ոստիկանների բռնության տեսանյութը, այն մեծ հանրային ուշադրություն էր առաջացրել, հարցը բարձրացվել էր նաև ԱԺ-ում, ուստի քրեական գործ էր սկսվել, մինչդեռ նույնպիսի բռնության դեպքի առթիվ, որը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարի 11-ին, ընդամենը կարգապահական նկատողություն էր տրվել երկու ոստիկանի:

Իրինա Ղազարյանը նշել է, որ իրենք, այնուամենայնիվ, բողոքարկելու են ՀՔԾ֊ի որոշումը:  

Tekali Taxi