Փաստաբան Ալվարդ Մնացականյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է դիմելու մի խումբ անձանց կողմից ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար մեղավոր ճանաչված Գոռ Բարնաուսովի գործով։
Գոռ Բարնաուսովը և Արմեն Զառաֆյանը մեղավոր են ճանաչվել Արմեն Պետրոսյանին խմբակային ծեծի ենթարկելու մեջ և դատապարտվել են 5 տարվա ազատազրկման:
Epress.am֊ի հետ զրույցում Մնացականյանն ասել է, որ իր պաշտպանյալը զրկված է եղել պաշտպանական իրավունքից, քանի որ կասկածյալ Բարնաուսովի պաշտպանությունը ավելի վաղ ստանձնել էր քննիչի կողմից կանչված, նախկինում քննիչ աշխատած փաստաբան: Այդ խախտումը հաստատվել է Փաստաբանների պալատում անցկացված կարգապահական վարույթով, որտեղ փաստաբանն ընդունել է, որ իրեն կանչել էր քննիչը, և դրա համար տուգանվել է 200.000 դրամով:
Ալվարդ Մնացականյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի՝ Շենգավիթի քննչական բաժնի հետ անմիջական կապ ունեցող մարդիկ ներգրավված են եղել նաև որպես ընթերականեր. ընթերակաները հաստատել են դատարանում, որ իրենք այդ քննչական բաժնում պրակտիկատներ են եղել: Փաստաբանը նաև նշել է, որ այդ ընթերակաները նույնիսկ դեպքի վայր չեն գնացել, ինչը հաստատվել է դատարանում նրանց կողմից տրված իրարամերժ ցուցմունքներով: Հետո միայն քննչական բաժնում ստորագրվել է արձանագրությունը:
Ըստ գործի նյութերի՝ դեպքի միակ վկան Գոռ Ղևոնդյանն է, ով իրականում պայմանագրային զինծառայող է եղել և այդ պահին դեպքի վայրից 50 կմ հեռու ծառայություն է իրականացրել։ Ղևոնդյանը դատարանում հրաժարվել է նախաքննական ցուցմունքից, որի մեջ գրված է եղել, թե իբր ինքը լսել է միջադեպի մասնակիցների ձայները և վազել նրանց ուղղությամբ:
«Մինչդեռ, նա հնարավոր չէ 50 կմ-ից ձայներ լսել, իսկ լսելու դեպքում էլ իրավունք չուներ լքել Հսկիչ անցագրային կետի տարածքը: Բացի դա, նա դատարանում ասել է, որ քննիչի սենյակում պահվել է 12 ժամ, նրա մոտից վերցրել են հեռախոսը և արգելել են հաղորդակցվել հարազատների հետ, և միայն իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալուց հետո են նրան բաց թողել:
Այսինքն՝ վարույթ իրականացնող մարմինը մեղադրանքը հիմնավորել է մի շարք դատավարական էական խախտումներով. պաշտպանը ներգրավվել է քննիչի կողմից, ընթերակաները եղել են Շենգավիթ քննչական բաժնի պրակտիկանտներ, իսկ միակ վկայից ցուցմունքները կորզվել քննչական բաժնում ժամերով պահելու հետևանքով», ֊ ասել է փաստաբանը:
Համաձայն Մնացականյանի, այս գործով թույլ են տրվել նյութական իրավունքի խախտումներ և ճիշտ չի որակվել նրանց արարքը՝ մի խումբ անձանց կողմից ծանր վնասվածք հասցնելու առումով: Մինչդեռ, նրանց գործողությունները կատարվել են անջատ-անջատ: Այս մասին հայտնել է նաև տուժողը իր ցուցմունքում՝ նշելով, որ առաջին հարված հասցնողը հեռացել է, որից հետո մոտեցել է երկրորդը և, իր հերթին, հարվածել: Այս հանգամանքը հաստատվել է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի առաջինի կողմից գլխին ստացած հարվածը դասվում է որպես առողջությանը հասցված միջին ծանրության վնասվածք:
Նշված խախտումները դատարանները հաշվի չեն առել և մեղադրանքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն, այն է՝ դիտավորությամբ առողջությանը մի խումբ անձանց կողմից պատճառելը, և մեղադրանքը համարել հաստատված: