Home / Հայաստան / «Իմ ուրիշ սեպտեմբերը»․ կյանքից կտրած դպրոցական տարիների մասին

«Իմ ուրիշ սեպտեմբերը»․ կյանքից կտրած դպրոցական տարիների մասին

Disabilityinfo.am կայքի հիմնադիր-խմբագիր Զարուհի Բաթոյանը «Իմ ուրիշ սեպտեմբերը» հոդվածում գրում է իր՝ տեղաշարժման դժվարություն ունեցող երեխայի դպրոց հաճախելու փորձի մասին։

«Չնայած դպրոցը մեր տանը մոտ չէր, բայց բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկեցինք, որ թեկուզ մեկ տարի ուշացումով դպրոց հաճախեմ: Հետո սկսեցինք դասարանից դասարան տեղափոխվել, կաբինետային սիստեմ էր, դասերը տարբեր հարկերում էին անցկացվում, ամենուր աստիճաններ էին, առանց զուգարանակոնքի զուգարաններ և այլն: Տեղաշարժման դժվարություն ունեի և ինքնուրույն չէի կարող մինչև դասերի վերջը մնալ դպրոցում: Որևէ մեկը պարտադիր պետք է իմ կողքին լիներ դպրոցում, իսկ տանը ինձնից փոքր ևս երկու երեխա կային, ընտանեկան խնդիրներ և այլն:

Եկան առավոտներ, երբ մամաս ինձ արթնացնում էր քնից ու տեսնում էր, որ դժվարությամբ եմ արթնանում: Հարցնում էր՝ ուզո՞ւմ ես այսօր դպրոց չգնանք, որովհետև դժվար էր մեկ տարի անց ինձ բացատրել, թե ինչու պիտի այլևս դպրոց չգնամ: Բայց ես զգում էի, որ նրա ուզածն էլ դա էր` ինձ համոզելը, որ դպրոց չգնամ, իսկ ես համառորեն ասում էի՝ չէ՛, պիտի գնանք: Հետո չեմ հիշում` ինչպես, բայց ինձ համոզեցին, և ես այլևս դպրոց չհաճախեցի: Տնային ուսուցում ստացա: Դա կրթության կազմակերպման ձև է, որն իրականացվում է այն դեպքում, երբ դպրոց գնալու այլընտրանքային տարբերակներ չկան: 1988-ին էր կարծեմ, սակայն շատ բան չի փոխվել մեր երկրում:

Տետրերս ու գրքերս ամբողջ օրը սեղանին էին կամ աթոռին, ես բակի ընկերներիս մոտ ձևացնում էի, թե միշտ դաս եմ անում: Բայց դաս իրականում անում էի. ուսուցիչներս տուն էին գալիս: Նրանց խոսքով` ես «ընդունակ» էի, և նրանք հաճույքով էին գալիս, նույնիսկ հիանում էին ինձնով, միմյանց պատմում էին իմ մասին: Նրանք ինձ հայերեն, ռուսերեն, մաթեմատիկա, երկրաչափություն էին դասավանդում: Մեկ կիսամյակ էլ կարծեմ ֆիզիկա անցա ու վերջ: Ես որևէ մեկի հետ ինձ համեմատելու հնարավորություն չունեի, և երբեմն ինձ համար անհետաքրքիր էր սովորելը, միշտ «5»-եր ստանալը, գերազանցիկի բարդույթ էի ձեռք բերել:

Մաթեմատիկայի ուսուցչուհիս անունս միշտ շփոթում էր` ինձ Վարդուհի էր ասում: Վարդուհին նրա մյուս աշակերտուհին էր, ով նույնպես տնային ուսուցում էր ստանում: Նա, ըստ երևույթին, սովորելու դժվարություն ուներ, որովհետև ուսուցչուհիս նույն հաճույքով չէր գնում նրան դաս տալու, ինչպես որ մեր տուն էր գալիս: Երբ նա սկսում էր արդարանալու համար Վարդուհու թերությունները պատմել մամայիս, ես սկսում էի պատկերացնել նրա արտաքինը ու կարեկցանքով էի լցվում նրա հանդեպ և ինձ մեղավոր էի զգում, որ ընկեր Ավագյանն ինձ սիրում էր, իսկ նրան՝ այնքան էլ չէ:

Դասընկերներիցս ոմանց ճանաչում էի, դասղեկս ամեն տարի ամբողջ դասարանին ինձ հյուր էր բերում: Նրանք բոլորն ինձ համար նվերներ էին պատրաստում, հետո խմբով գալիս էին մեր տուն, բերում էին դասարանի խմբակային լուսանկարը, որում ես չկայի: Նստում էինք շրջանով մի տուն լիքը աշակերտներ: Ամեն տարի նրանցից ոմանք դասարանից գնում էին, նոր մարդիկ էին հայտնվում, դասընկերներս մեծանում էին, ու տարեցտարի ինձ համար ավելի դժվար էր նրանց ճանաչելը:

Վիրահատությունից հետո, երբ ավելի հեշտ էր ինձ համար քայլելը, ես մասնակցեցի վերջին զանգի արարողությանը: Դասընկերներիս հետ բեմ բարձրացա ու այդպես սիմվոլիկ էլ ավարտեցի դպրոցը, որը այդպես էլ չհաճախեցի, բացառությամբ առաջին դասարանի:

Ինձ անծանոթ ու խորթ է ամենը, ինչը կապված է դպրոցի հետ` թե՛ լավ, թե՛ վատ, ասես մի մեծ ու կարևոր հատված կտրել-հանել են կյանքիցս, որը ոչնչով չի փոխարինվի: Ես կրթությունից դուրս չեմ մնացել, բայց չգիտեմ՝ ի՛նչ ասել է աշակերտ լինել: Նույնիսկ թե ինչ է նշանակում արտագրել, ես առաջին անգամ իմացա միայն համալսարանում, մի վայրում, որը գուցե նմանություններ ունի, բայց ոչ մի կերպ չի կարող լրացնել դպրոցի բացը»:

Tekali Taxi