Home / Տեսանյութեր / 27 ամիս կոմայի մեջ գտնվող կնոջ ամուսնուն վերադարձրել են խնամակալի իրավունքները

27 ամիս կոմայի մեջ գտնվող կնոջ ամուսնուն վերադարձրել են խնամակալի իրավունքները

2013 թվականի մայիսի 19-ին Վանաձորի բժշկական կենտրոնում ծննդաբերությունից հետո կոմայի մեջ ընկած 26-ամյա Լիլիթ Նալբանդյանը Վարչական դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ, իսկ նրա ամուսինը՝ 32-ամյա Արտակ Բարսեղյանը, ստացել է կնոջ շահերը դատարաններում ներկայացնելու իրավունքը: Այս մասին Epress.am-ին հայտնել է Նալբանդյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Ավելի վաղ Շիրակամուտի համայնքապետը վերացրել էր Բարսեղյանին կնոջ խնամակալ ճանաչելու մասին որոշումը: Խնամակալի իրավունքը հետ ստանալու համար էլ նա դիմել էր Վարչական դատարան: Բարսեղյանի խոսքով՝ գյուղապետին նման քայլ անել դրդել են Լոռու մարզպետարանից, որտեղ իրեն ևս ասել են, որ թույլ չեն տա հիվանդանոցից գումար բռնագանձել:

Այժմ կոմայի մեջ գտնվող կնոջ ամուսինը փորձում է քաղաքացիական հայցով պարտավորեցնել հիվանդանոցին վճարել պատճառված վնասի համար: Քաղաքացիական գործը շահելուց հետո կողմը, ունենալով նոր երևան եկած հանգամանք, կկարողանա նորից դիմել դատարան՝ Լիլիթ Նալբանդյանին բուժաշխատողների կողմից պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու փաստով քրեական գործ հարուցելու պահանջով, ինչը նախկինում մերժվել է թե դատարանի, թե գործը վարող դատախազի կողմից, թեև դատաբժշկական փորձաքննությունն ապացուցել էր, որ Լիլիթին պատշաճ բուժօգնություն ցույց չի տրվել: 

Ավելի վաղ Արտակ Բարսեղյանը Epress.am-ին պատմել էր, որ երկար տարիներ ինքը բնակվել է Ռուսաստանում ու, հայաստանյան բժիշկներին վստահելով, կնոջն ուղարկել է Վանաձոր` ծննդաբերելու, սակայն ծննդաբերության ընթացքում բժիշկների՝ մինչ օրս չպարզված սխալի արդյունքում զրկվել է և կնոջից, և երեխային տեսնելու ուրախությունից: Բարսեղյանը նշել է, որ նորածնին խնամում է քույրը, իսկ ինքը խնամում է սարքերով գոյատևող կնոջը և չի կորցնում հույսը, որ գրեթե մահամերձ Լիլիթը մի օր հրաշքով ոտքի կկանգի:

Tekali Taxi