2013 թվականի մայիսի 19-ին Վանաձորի բժշկական կենտրոնում ծննդաբերությունից հետո կոմայի մեջ ընկած Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակիչ Լիլիթ Նալբանդյանը մինչ օրս այդպես էլ այդ վիճակից դուրս չի եկել: Շուրջ 20 ամիս էլ շարունակվում է դեպքի առիթով հարուցված քրեական գործի քննությունը. Նալբանդյանի ամուսինը և փաստաբանը պնդում են, որ կինը նման վիճակում է հայտնվել բուժաշխատողների կողմից պատշաճ բուժօգնություն չստանալու պատճառով և պահանջում են մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
Ինչպես Epress.am-ին հաղորդել է Լիլիթ Նալբանդյանի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը, 2014 թվականի դեկտեմբերին նախաքննական մարմինը (քննիչ Հ. Հովսեփյան) որոշում էր կայացրել՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Որոշումը բողոքարկվել է Լոռու մարզի դատախազությունում, որտեղ դատախազ Վ. Դոլմազյանը մերժել էր փաստաբանի միջնորդությունը: Այնուհետև որոշումը բողոքարկվել էր նաև Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ 2015 թվականի մարտի 17-ին դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ կայացած նիստում նույնպես փաստաբանի բողոքը մերժելու մասին որոշում է կայացվել։ Այժմ տուժող կողմը պատրաստվում է Վերաքննիչ դատարան դիմել:
Պապիկյանի խոսքով՝ միջնորդության և բողոքի մերժման փաստերն ինքնին զարմանալի չեն. դա արատավոր աշխատելաոճ և տխուր ավանդույթ է: Փաստաբանն ընդգծել է, որ տվյալ գործով անցկացված դատաբժշկական փորձաքննությունն ապացուցել է, որ Լիլիթին պատշաճ բուժօգնություն ցույց չի տրվել, և անգամ այդ պարագայում քրեական գործը կարճվել է:
«Ոչ դատախազը, և ոչ էլ դատարանը չնկատեցին, որ հիմնական դերակատար անձինք` բուժաշխատողները, նախաքննության ընթացքում տվել են տարբեր և իրարամերժ ցուցմունքներ, իսկ որոշ դերակատարներ եղել են «արտոնյալ» կամ «անձեռնմխելի» ու նրանք չեն հարցաքննվել: Օրինակ՝ երբ դատարանը քննիչին հարց տվեց, թե ինչու չի հարցաքննվել «Էրեբունի» ԲԿ-ի պատասխանատու բուժաշխատողը, քննիչը պատասխանեց, որ ինքը գնացել է հարցաքննելու, սակայն նա այդ օրը տեղում չի եղել: Այս պատասխանը բավարարեց դատարանին, այն դեպքում, երբ գործի նախաքննությունը տևել է ոչ թե միայն մեկ օր, այլ՝ շուրջ 570 օր», – ասել է Արայիկ Պապիկյանը:
Փաստաբանը նշել է, որ ներկայումս շարունակվում է նաև Լիլիթ Նալբանդյանի գործով դրամական փոխհատուցման պահանջով քաղաքացիական վարույթը, որը գտնվում է Վճռաբեկ դատարանում: Այս գործով հայցը Նալբանդյանի կողմը առաջին երկու ատյաններում շահել է: Ինչպես Epress.am-ին հայտնել է Նալբանդյանի ամուսինը՝ Արտակ Բարսեղյանը (լուսանկարում), քաղաքացիական հայցի գործով իր իրավունքները սահմանափակելու համար «խառնվել են» տարբեր պաշտոնյաներ:
«Այնպիսի տպավորություն է, որ բոլորը քնում-արթնանում են մի նպատակով՝ Լիլիթին, ինձ ու մեր երեխային վատություն անեն: Լիլիթի նկատմամբ ճանաչվել եմ խնամակալ։ Երբ սկսվեց քաղաքացիական գործը, Լոռու մարզպետը, բժշկի փաստաբանը, մարզպետարանի մի քանի աշխատողներ Շիրակամուտի գյուղապետին ստիպեցին խնամակալի որոշումը վերացնի, նա էլ վախից վերացրեց իր որոշումը: Հետո կրկին խնամակալ ճանաչեցին, նորից Լոռու մարզպետը ստիպեց, որ գյուղապետը վերացնի որոշումը, այն նպատակով, որ եթե չլինեմ խնամակալ, ապա չեմ կարող Լիլիթի շահերը դատարանում ներկայացնել, իսկ կինս էլ կոմայի մեջ է և բնականաբար չի կարող դատարան գալ: Հիմա նորից պայքարում եմ խնամակալ ճանաչվելու համար: Մարզպետարանում ինձ ասում են, որ չեն կարող թույլ տալ, որ հիվանդանոցից գումար բռնագանձվի: Գիտեմ նաև, որ Առողջապահության նախարարությունից էլ են ճնշումներ գործադրում: Երկար ժամանակ չէի ցանկանում մամուլով խոսել կնոջս գործի մասին՝ հուսալով, որ քննիչը, դատախազը, դատարանը, հիվանդանոցը, մարզպետը կամ մյուս դերակատարները հաշվի կառնեն այդ հանգամանքը ու համապատասխան վերաբերմունք կցուցաբերեն: Բայց հիմա զգում եմ, որ նրանց կամ փողն է հետաքրքրում կամ իրենց պաշտոնը», ֊ ասել է Բարսեղյանը: