Վանաձորի բժշկական կենտրոնում մայիսի 19-ին առաջնեկին լույս աշխարհ բերելուց հետո 26-ամյա Լիլիթ Նալբանդյանը կոմայի մեջ է ընկել: Նա իր երեխային չի տեսել, քանի որ նման վիճակում գտնվում է մինչ օրս:
Epress.am-ի հետ զրույցում Լիլիթի ամուսինը՝ 31 ամյա Արտակ Բարսեղյանը, պատմել է, որ երկար տարիներ ինքը բնակվել է Ռուսաստանում ու, հայաստանյան բժիշկներին վստահելով, կնոջն ուղարկել է Վանաձոր` ծննդաբերելու, սակայն ծննդաբերության ընթացքում բժիշկների՝ մինչ օրս չպարզված սխալի արդյունքում զրկվել է և կնոջից, և երեխային տեսնելու ուրախությունից: Բարսեղյանը նշել է, որ 5 ամիս է՝ նորածնին խնամում է քույրը, իսկ ինքը խնամում է սարքերով գոյատևող կնոջը և չի կորցնում հույսը, որ գրեթե մահամերձ Լիլիթը մի օր հրաշքով ոտքի կկանգի:
«Հղիության ընթացքն անցել է նորմալ, ոչ մի խնդիր կինս չի ունեցել, ես էլ ուղարկեցի, որ մերոնց մոտ լինի, որ երեխեն ունենա, մերոնք էլ օգնեն մեծացնել երեխային: Նորմալ տարել են ծննդատուն, բայց ծննդաբերությունից հետո դուրս է եկել վիրահատող բժիշկ Դավիթ Շահվերդյանը ու հարազատներին տեղեկացրել է, թե ամեն ինչ նորմալ է, ու հորդորել է նրանց տեսակցության գալ 4 օր հետո, քանի որ հետվիրահատական բարդություններ են առաջացել: Նա նաև ասել է, որ ծննդկանին չզանգեն, հետո ինքն ու անեսթեզիոլոգը նստել են մեր մեքենան ու խնդրել են իրենց տուն տանել: Մերոնք կասկածել են, բայց տուն են գնացել, իսկ առավոտյան 8:30 հիվանդանոցից զանգել են՝ թե Լիլիթը շատ վատ է», – մեր թղթակցին պատմել է Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ հիվանդանոցում թույլ չեն տվել Լիլիթին տեսնել, միայն ասել են, թե 80 հազար դրամ է պետք վճարել, որպեսզի Էրեբունի հիվանդանոցից շտապ օգնության բրիգադ կանչեն:
«Հետո էլ ուղարկում են դեղի՝ պատճառաբանելով, թե դեղը շուտ էր հարկավոր, ուղղակի մեզ գտնել չեն կարողացել, այնինչ Լիլիթի հեռախոսը այնտեղ էր: Դեղն էլ չի օգնում, մերոնք զայրանում են, թե ինչու նախօրոք չեն տեղեկացրել ու ինչու թույլ չեն տալիս տեսնել Լիլիթին: Մորաքույրը մի կերպ մտնում է բոքս, տեսնում է՝ Լիլիթը ցնցումների մեջ է, բժիշկներն էլ կողքը կանգնած են: Շահվերդյանին ասում է՝ «էս ինչ եք արել», նա էլ՝ թե «գոհ եղեք, որ էս վիճակում է, ինչ արել, սրանք են արել» ու ցույց է տալիս անեսթեզիոլոգ Ալվարդ Հայրապետյանին ու հերթապահ բժշկին»:
Ամուսնու խոսքով՝ երբ կեսօրին Լիլիթին հասցրել են Էրեբունի բժշկական կենտրոն, բժիշկ Մանգոյանն ասել է, որ անզգայացման հետևանքով է կինն այդ վիճակում հայտնվել, ու լավ կլինի, որ ցնցումները շուտ դադարեն, ինչը, սակայն, տեղի է ունեցել մեկ օր անց:
«Մանգոյանն ուղիղ 4,5 ամիս է՝ ասում է, որ մեզանից միայն համբերություն, իսկ անեսթեզիոլոգից՝ ճիշտը պատմել է պահանջվում: Զանգում եմ վիրահատող բժշկին, անեսթեզիոլոգին, սակայն ոչ ոք չի պատասխանում զանգերիս, ես էլ չեմ կարող կնոջս թողնել ու Վանաձոր գնալ: Կինս անգիտակից պառկած է, ոչ մի կենդանության նշան չկա, միայն երբեմն բացում է աչքերը, սակայն մարմինը մեռած է: Մինչ օրս ոչ մեկը չի հետաքրքրվել մեր վիճակով: Ասում են, որ մոտը թրոմբոէմբոլիա է՝ թոքերում տրոմբի առաջացում, բայց անալիզները ցույց են տվել, որ բոլոր անոթները նորմալ են», – պատմել է Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ Լիլիթի դեպքը առաջինը չէ, որ գրանցվել է Վանաձորի բուժկենտրոնում՝ օրեր առաջ այնտեղի ծննդատնից Էրեբունի վերակենդանացման բաժանմունք բերեցին անգիտակից հղի մի կնոջ, որը 3 օր անց մահացավ:
Մեր թղթակիցը զրուցել է նաև Բարսեղյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ, ով ասել է, որ այս պահին բժիշկները վիճակի փոփոխության երաշխիք տալ չեն կարող: Նա ներկա վիճակի մասին ընդամենը քննիչի կայացրած որոշումից մի հատված է մեջբերել՝ «մահացել են կնոջ ուղեղի բջիջները, դրանք չվերականգնվող բջիջներ են, դրանք չորացել, վնասվել է նաև ուղեղի թաղանթը»:
Պապիկյանի խոսքով՝ նման հիվանդությունն արտերկրում անգամ բուժել չեն կարող:
«Սա հետևանք է Վանաձորի բուժկենտրոնում ծննդաբերության ժամանակ տեղի ունեցածի և ավելի շատ մանրամասներ ակնկալում ենք ստանալ փորձագետների եզրակացությունից: Ասեմ, որ վերջիններս 4 ամիս անց մեկն արդեն տվել են ու մասնագիտական առումով դա թերի էր: Հետևությունները մի քանի տող էին ու ոչինչ չասող», – ասել է փաստաբանը:
Ըստ նրա՝ քննիչի որոշման համաձայն, ուղեղի բջիջների մեռնելու ու չորանալու պատճատը եղել է թթվածնային քաղցը, իսկ դրա մեղավորը բժիշկն ու անեսթեզիոլոգն են:
«Այս հարցը առաջին փորձաքննության ժամանակ անտեսվել է փորձագետների կողմից, ինչի հետ մենք չենք համաձայնել: Որպես ախտորոշում միայն նշվել էր թրոմբոէմբոլիան, որը շատ հեշտ է նշել ու ասել, որ այդ հիվանդության հանկարծակի ի հայտ գալու դեպքում հայաստանյան ժամանակակից բժշկությունը ի զորու չէ օգնություն ցուցաբերել», – ասել է Պապիկյանը:
Նա նաև ավելացրել է, թե իրենք լուրջ կասկածներ ունեն՝ ախտորոշման հետ կապված, ու կրկնակի փորձաքննություն են պահանջել, ինչպես նաև դիմել են Առողջապահության նախարարության էթիկայի հանձնաժողով ու խնդրել են միջնորդել՝ առաջիկա նիստի օրակարգ մտցնել հետևյալ հարցը՝ «Վանաձորի բուժհաստատությունում Լիլիթին ցուցաբերած օգնության ընթացքում արդյո՞ք պահպանվել են էթիկայի կանոնները և արդյոք եզրակացություն տվող փորձագետները պահպանել են բժշկական էթիկայի կանոնները»: